30.03.2026
Լուսանկարը` parliament.am
prev Նախորդ նորություն

Դատախազության ձախողումը. դատարանը մերժել է գեներալ Գաբրիելյանի դեմ հայցը

Լուսանկարը` armlur.am
Լուսանկարը` armlur.am

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ նախագահի նախկին գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանի։ «Եռաբլուրի» հարևանությամբ գտնվող հողատարածքի վիճահարույց գործարքի չեղարկման պետության փորձը տապալվել է հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու պատճառով՝ լուրջ հարցեր առաջացնելով վերահսկիչ գերատեսչության գործողությունների վերաբերյալ։


Դատական վեճի կենտրոնում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Եռաբլուր» պանթեոնին կից գտնվող ավելի քան 0,2 հա մակերեսով հողամասը, որը Պաշտպանության նախարարությունը դեռևս 2005 թվականին 18,8 մլն դրամով վաճառել էր «Գել» մականունով հայտնի Գաբրիելյանին։ Նախորդ տարվա հունիսին դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել պայմանագիրը՝ պնդելով, որ տարածքը պետք է օտարվեր բացառապես աճուրդային կարգով, և պահանջում էր վերադարձնել գույքը կամ հատուցել դրա արժեքը: Նախկին պաշտոնյան արդարացել է, որ գործարքն իրականացվել է բացառապես իր բնակարանային պայմանները բարելավելու նպատակով՝ որպես ՊՆ երկարամյա աշխատակից:


Գեներալի պաշտպանական թիմը շեշտը դրել է այն փաստի վրա, որ դատախազությունը պատշաճ հայցվոր չէ, և որ ամենակարևորն է՝ կոպտորեն խախտվել է հայցային վաղեմության մեկամյա ժամկետը: Դատավոր Ռ. Ավագյանը հիմնավոր է համարել այս փաստարկները։ Դատարանն արձանագրել է, որ ՊՆ պաշտոնյաների կողմից հողերի էժան գներով օտարման փաստով քրեական վարույթը նախաձեռնվել էր դեռ 2022 թվականի փետրվարին։ Հետևաբար, հայցվորը պարտավոր էր այդ ժամանակվանից իմանալ պետության շահերի ենթադրյալ խախտման մասին: Սակայն հայցադիմումը ներկայացվել է միայն 2025 թվականի հուլիսին, երբ օրենքով սահմանված ժամկետներն արդեն սպառվել էին:


Դատարանի վճիռը կրկնակի հարված էր մեղադրող կողմին. հայցը մերժելուց բացի, դատարանը վճռել է դատախազությունից հօգուտ Գաբրիելյանի բռնագանձել 300 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն։ Իրավիճակն ավելի է բարդացել 2026 թվականի մարտի 16-ին, երբ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վերադարձրել է Գլխավոր դատախազության բողոքը: Այս գործընթացը տրամաբանական հարց է առաջացնում՝ արդյոք Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իսկապես տեղյակ չի եղել խախտումների մասին և ժամանակին չի հանձնարարել հայց ներկայացնել, թե՞ միտումնավոր ձգձգել է գործընթացը՝ հնարավորություն տալով նախկին բարձրաստիճան զինվորականին շահել դատը հայցային վաղեմության հիմքով:

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next