26.03.2026
Բաքուն Թեհրանից պաշտպանվելու պատրանք է ստեղծում
prev Նախորդ նորություն

Կոսի այցը և Մոլդովայի ուրվականը. քաղաքագետը` ՀՀ աշխարհաքաղաքական խաղադրույքների մասին

Լուսանկարը` armenpress.am
Լուսանկարը` armenpress.am

Եվրահանձնակատար Մարթա Կոսի վերջերս Հայաստան կատարած այցը, որը նշանավորվեց 140 միլիոն եվրոյի համաձայնագրի ստորագրմամբ և դեպի Գյումրի խիստ խորհրդանշական ուղևորությամբ, հերթական անգամ արդիականացրեց Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի վերաբերյալ քննարկումները։ Մոտեցող խորհրդարանական ընտրությունների ֆոնին աշխարհաքաղաքական օրակարգը դառնում է քաղաքական պայքարի գլխավոր գործիքներից մեկը. հնչում են արևմտյան առաջնորդների կողմից աջակցության հայտարարություններ, իսկ փորձագիտական շրջանակներում գնալով ավելի հաճախ են զուգահեռներ անցկացնում Մոլդովայում վերջերս տեղի ունեցած ընտրական գործընթացների հետ։


Սակայն որքանո՞վ է իրատեսական երկրի վերջնական շրջադարձը դեպի Եվրոպական Միություն՝ բարդ տարածաշրջանային համատեքստի պայմաններում: Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է քվեարկել բացառապես հանուն աշխարհաքաղաքական վեկտորի՝ երկրորդ պլան մղելով հրատապ սոցիալ-տնտեսական հարցերը, և ինչպե՞ս կազդեն Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամն ու ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունը Հայաստանի անվտանգության ճարտարապետության վրա։


VERELQ-ը եվրոպական ինտեգրման սահմանները, իշխանությունների դիվանագիտական խուսանավման նրբությունները և եվրոպացի պաշտոնյաների այցերի թաքնված իմաստները քննարկել է քաղաքագետ Դավիթ Հարությունովի հետ։



Լուսանկարում՝ Դավիթ Հարությունով, աղբյուրը՝ Սպուտնիկ


VERELQ. Մարթա Կոսի այցն ավարտվեց 140 մլն եվրոյի համաձայնագրի ստորագրմամբ և եվրոպացի քաղաքացիների տարհանման գործում Հայաստանին ցուցաբերած օգնության համար հրապարակային երախտագիտությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլերը. սա Հայաստան-ԵՄ հարաբերությունների՝ երկարաժամկետ ռազմավարական ինտեգրման նոր մակարդակի անցման վկայությո՞ւն է, թե՞ ավելի շուտ իրավիճակային փոխգործակցություն, որը թելադրված է տարածաշրջանում առկա ճգնաժամով:


Դավիթ Հարությունով. Սա ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման և խորացման՝ նախկինում վարվող գծի շարունակությունն է, և ապագայում մենք կարող ենք ականատես լինել նաև այլ նմանատիպ պայմանավորվածությունների։ Միևնույն ժամանակ պարզ է, որ այս մերձեցումն ունի իր սահմանները, որոնք նախանշված են նաև հենց ԵՄ-ի կողմից, այսինքն՝ դաշինքին անդամակցելու հարցն այս պահին դրված չէ։ Սա հասկանում են նաև Հայաստանի իշխանությունները, որոնք եվրաինտեգրման հարցում առայժմ փորձում են խուսանավել. ձևականորեն հռչակելով ԵՄ-ին անդամակցելու կուրսը՝ Երևանը միաժամանակ ձգտում է պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունների համակարգը, հատկապես ԵԱՏՄ շրջանակներում: Թե որքան երկար հայկական կողմին կհաջողվի շարունակել այս լավիրացումը՝ մնում է հարցականի տակ:


VERELQ. Դիտորդների առանձնահատուկ ուշադրությունը գրավեց եվրահանձնակատարի ուղևորությունը Գյումրի։ Հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունը՝ այնտեղ ռուսական ռազմաբազայի ներկայությունը և քաղաքային իշխանության վերջին փոփոխությունը, ինչպե՞ս է այս այցն ընկալվում փորձագիտական շրջանակներում: Այն դիտարկվում է բացառապե՞ս ԵՄ տարածաշրջանային ծրագրերին ծանոթանալու շրջանակներում, թե՞ դրանում որոշակի քաղաքական ուղերձ են տեսնում:


Դավիթ Հարությունով. Հավանաբար՝ և՛ մեկը, և՛ մյուսը: Եվրամիությունը չի թաքցնում, որ մրցակցում է ՌԴ-ի հետ Հայաստանում, և այս առումով Գյումրի այցելությունը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։ Միևնույն ժամանակ, դաշինքի ներկայացուցիչները միշտ ակտիվ են եղել Հայաստանի մարզերում, և այդ ակտիվությունը հաճախ նկատելի է ընթացիկ պահին բարձր քաղաքական նշանակություն ունեցող շրջաններում: Հիշեցնեմ, օրինակ, ԵՄ ներկայացուցիչների ակտիվությունը Հայաստանի Սյունիքի մարզում 2021-23 թվականներին, այսինքն՝ այդ տարածաշրջանի սահմաններին տիրող լարված իրավիճակի ֆոնին։


VERELQ. Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մենք լսում ենք ի պաշտպանություն Հայաստանի հայտարարություններ մի շարք արևմտյան քաղաքական գործիչների կողմից (նախ՝ բացահայտ համակրանք Ջեյ Դի Վենսի, ապա՝ Դոնալդ Տուսկի կողմից), իսկ ԵՄ կառույցները միջոցներ են ուղղում ընտրական գործընթացը հիբրիդային սպառնալիքներից պաշտպանելու համար: Միևնույն ժամանակ, քննադատներն այս ակտիվությունն անվանում են ընտրազանգվածի վրա ազդելու փորձ: Ձեր կարծիքով՝ որտե՞ղ է անցնում ժողովրդավարական ինստիտուտների միջազգային աջակցության և ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության միջև սահմանագիծը։


Դավիթ Հարությունով. Կարծում եմ՝ Հայաստանի պես երկրները ստեղծված իրավիճակում սկզբունքորեն չեն կարողանա խուսափել տարբեր ուժային կենտրոնների կողմից իրենց ներքին գործերին միջամտությունից: Ավելին, ընտրությունների և ներքաղաքական այլ գործընթացների համատեքստում նման միջամտություն եղել է նաև անցյալում, պարզապես հիմա կարելի է խոսել դրա ծավալների մեծացման մասին։ Միևնույն ժամանակ, հարցականի տակ է մնում նման ներգործության արդյունավետությունը՝ ընտրությունների արդյունքների տեսանկյունից։ Մի կողմից, ԵՄ-ի հետ համագործակցությունն իշխանությունների կողմից օգտագործվում է նախընտրական քարոզչության շրջանակներում, մյուս կողմից՝ առաջիկա ընտրություններում (ի տարբերություն 2021 թվականի ընտրությունների) սոցիալական թեմաները կարող են ավելի էական դառնալ, քան արտաքին քաղաքական կողմնորոշման և անվտանգության հարցերի թեմատիկան։


VERELQ. Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ զուգահեռներ են անցկացնում Հայաստանում կայանալիք ընտրությունների և Մոլդովայում վերջերս տեղի ունեցած քվեարկությունների միջև։ Որքանո՞վ է, ըստ Ձեզ, կոռեկտ նման համեմատությունը: Կա՞ արդյոք վտանգ, որ նման դիրքավորումը կհանգեցնի հայ հասարակության չափազանց մեծ բևեռացման՝ ըստ աշխարհաքաղաքական վեկտորի:


Դավիթ Հարությունով. Աշխարհաքաղաքական կողմնորոշման ընտրության հարցն ակտիվորեն օգտագործվում է նախընտրական քարոզչության շրջանակներում ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության կողմից։ Առաջիններն այն ներկայացնում են որպես ընտրություն հօգուտ Արևմուտքի հետ ավելի հեռանկարային, իրենց կարծիքով, հարաբերությունների՝ ակտիվորեն խաղարկելով Ռուսաստանի հետ հարաբերությունների նկատմամբ թերահավատությունը (սկեպտիցիզմը), որը տարածված է հայ հասարակության մեջ 2020-23 թվականների իրադարձություններից հետո: Ընդդիմությունը խոսում է իշխանությունների արտաքին քաղաքական արկածախնդրության, Թուրքիայի և Ադրբեջանի գերիշխանության օգտին ընտրության և՝ ի դեմս Ռուսաստանի և Իրանի, վաղեմի ու փորձված դաշնակիցներին դավաճանելու մասին: Իրականում, արտաքին քաղաքական կողմնորոշման ընտրության հարցում Հայաստանի իրական հնարավորությունները սահմանափակ են և թելադրվում են հիմնական ուժային կենտրոնների առաջնահերթություններով և տարածաշրջանում ուժերի իրական հարաբերակցությամբ։ Ինչ վերաբերում է հայ հասարակության մեջ տիրող իրավիճակի վրա դրա ազդեցությանը, ապա կարծում եմ, որ աշխարհաքաղաքական ընտրության գործոնը որոշակի դեր կխաղա ընտրությունների շրջանակներում, բայց, կրկնում եմ, հավանաբար, կգերիշխի սոցիալ-տնտեսական թեմատիկան։


VERELQ. Եվրամիությունն ընդգծում է Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիների աճող դերը և հայտարարում տարածաշրջանային ենթակառուցվածքներում ներդրումներ անելու պատրաստակամության մասին։ Սակայն, հաշվի առնելով բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը՝ լարված հարաբերությունները հարևանների հետ և հակամարտությունը հարավում, որքանո՞վ է իրատեսական այս տնտեսական նախագծերի իրականացումն առանց Հայաստանի համար անվտանգության նոր, կայուն ճարտարապետության կառուցման։


Դավիթ Հարությունով. Վախենամ, որ Հայաստանին դեռ երկար ժամանակ չի հաջողվի ձևավորել անվտանգության կայուն ճարտարապետություն, և երկրի ցանկացած իշխանություն ստիպված կլինի վարել տարածաշրջանային և գլոբալ խաղացողների միջև բարդ խուսանավման քաղաքականություն։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի հեռանկարների վրա, անշուշտ, կազդեն ինչպես ԱՄՆ ներկայիս վարչակազմի գործողությունների անկայունությունը, որն այս պահին հանդես է գալիս որպես հիմնական խաղացող նման նախագծերի հարցում, այնպես էլ Իրանի շուրջ ճգնաժամի հետևանքներն ու ընթացքը։ Ընդ որում, վերջին գործոնի հետևանքների մասշտաբն առայժմ անհայտ է մնում, ինչպես և հենց հակամարտության ելքն ու այն նոր իրականությունը, որը դրա արդյունքներով կարող է ձևավորվել տարածաշրջանում:


 

Եթե Արցախի թեման փակ է, ապա ինչո՞ւ է այն անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում
Հաջորդ նորություն next