18.03.2026
Առաջարկվում է բարեփոխել Քրեական դատավարության օրենսգիրքը
prev Նախորդ նորություն

Կվերացվի տպագիր մամուլում ծանուցումների հրապարակման պարտադիր պահանջը

Հայաստանում նախագիծ է շրջանառվում, որով նախատեսվում է վերացնել ծանուցումները, այլ բնույթի փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը տպագիր մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը։


Նախագծով առաջարկվում է տպագիր մամուլում պարտադիր հրապարակման պահանջը փոխարինել «azdarar.am» հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կամ այս կամ այն կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակմամբ:


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ այս փոփոխությունը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ և այն հանգամանքով, որ տպագիր մամուլը կորցրել է իր նախկին տարածումն ու դերակատարումը։


«Տպագիր մամուլում հրապարակման գործընթացը բավականին ծախսատար է, այս ամենը հանգեցնում է հանրության լայն շրջանակների համար տեղեկատվության փաստացի սահմանափակման և լրացուցիչ ծախսերի, հետևաբար, տպագիր մամուլի հրապարակումները ներկայում չեն կարող համարվել արդյունավետ կամ հասանելի ձև՝ տեղեկատվության տարածման համար»,- ասաց Գալյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։


Ըստ նախարարի՝ գործող կարգավորումների վերանայումը բխում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ իրավական դաշտի ներդաշնակեցման անհրաժեշտությունից:


Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։