4.12.2024
Հայ դատ. Օբաման կրկին չի արտասանի Ցեղասպանություն եզրույթը
prev Նախորդ նորություն

Օբաման կրկին խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթից՝ օգտագործելով Մեծ եղեռն տերմինը:

«Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում:
«Ես հետևողականորեն հայտնել եմ անձնական տեսակետս 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, և այն չի փոփոխվել», - ասել է ԱՄՆ նախագահը:

«Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր ձգտում են լույս սփռել անցյալի իրադարձությունների վրա՝ հայ ու թուրք պատմաբաններից մինչև Հռոմի պապ Ֆրանսիսկոսին», - նշել է ԱՄՆ նախագահը: Օբաման նաև ընդգծել է հայ համայնքի դերը միջազգային հանրության զարգացման գործում ու ընդգծել, որ Հայաստանը 17 հազար փախստական է ընդունել Սիրիայից:

Թեև Օբաման իր նախագահության վերջին տարում ևս խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, այնուամենայնիվ, նրա ուղերձը այս անգամ ևս դժգոհություն առաջացրեց Թուրքիայում: Թուրքիայի ԱԳՆ-ն Օբամայի հայտարարությունը Ցեղասպանության մասին «միակողմանի է» համարում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի բարեկամ և դաշնային երկրների սատարումն այն ուժերին, որոնք «ջանում են սրել իրավիճակը, հայ և թուրք ժողովրդների խաղաղ համատեղ ապագային նպաստելու փոխարեն, տխրեցնում է Թուրքիային»: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ ղեկավարությանը, հիմնվելով պատմական իրողությունների վրա, չեզոք և կառուցողական դիրքորոշում որդեգրել»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելուց, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ: