Հայաստանը պաշտոնապես պատասխանել է Ռուսաստանի նամակին, որով Մոսկվան զգուշացրել էր հայ-ռուսական գազային պայմանավորվածությունները վերանայելու հնարավորության մասին՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի համատեքստում։ Սակայն նամակագրության բովանդակությունը և ռուսական կողմի հետ հնարավոր նոր պայմանավորվածությունները չեն հրապարակվում։
Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողներին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Մենք այդ նամակին սահմանված կարգով պատասխանել ենք»,- հայտարարել է նախարարը՝ հաստատելով, որ խոսքը Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական կողմից ստացված գրության մասին է։ Խուդաթյանը հրաժարվել է մանրամասնել պատասխանի բովանդակությունը կամ պարզաբանել, թե արդյոք Ռուսաստանի հնարավոր պահանջները տնտեսական, թե քաղաքական բնույթ ունեն։
«Թույլ տվեք ես զերծ մնամ աշխատանքային շատ մանրամասներ կամ գործընկերների հետ նամակագրական կապի բովանդակություն» ներկայացնելուց, ասել է նախարարը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ սպառողների համար գազի գործող գինը չի փոխվել։
«Այս պահին Հայաստանի սպառողները գազը ստանում են այն նույն գնով»,- նշել է Խուդաթյանը՝ համեմատելով այն հունիսին գործող գնի հետ։
Հայ-ռուսական գազային հարաբերություններում լարվածությունն առաջացել էր մայիսի վերջին, երբ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակում Մոսկվան զգուշացրել էր, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը շարունակվելու դեպքում կարող է միակողմանիորեն կասեցնել կամ դադարեցնել 2013 թվականի դեկտեմբերի 2-ի միջկառավարական համաձայնագրի գործողությունը։
Այդ համաձայնագիրը վերաբերում է Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարմանը։ Այն նախատեսում է ռուսական այդ ապրանքների արտահանման մաքսատուրքերից ազատման հատուկ ռեժիմ։
Նամակի ստացման փաստը հայկական կողմը հաստատել էր մայիսի 27-ին, սակայն մինչև այժմ դրա պաշտոնական պատասխանի բովանդակությունը չէր հրապարակվել։
Միաժամանակ հոկտեմբերին հրապարակված ԵԱՏՄ չորս անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած զեկույցում գնահատվել են միությանը Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման տնտեսական հետևանքները։ Հեղինակների հաշվարկներով՝ այդ սցենարի դեպքում Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը կարող է աճել շուրջ 69 տոկոսով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից հասնելով 300 դոլարի։
Այդ գնահատականը, սակայն, պայմանական սցենարի հաշվարկ է և չի նշանակում, թե գազի գինն արդեն բարձրացնելու որոշում է կայացվել։ Բացի այդ, ներմուծվող գազի գինը նույնը չէ, ինչ բնակչության համար սահմանված վերջնական սակագինը։
Նոյեմբերի 6-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել էր, որ հանձնաժողովը գազի սակագնի վերանայման պաշտոնական հայտ չի ստացել ո՛չ «Գազպրոմից», ո՛չ «Գազպրոմ Արմենիայից»։ Նրա գնահատմամբ՝ արտակարգ հանգամանքների բացակայության դեպքում բնակչության համար գազի թանկացում առնվազն մինչև 2027 թվականի մարտ չի սպասվում։
Խուդաթյանը նոյեմբերի 9-ին չի հստակեցրել նաև, թե ինչ բանակցություններ են ընթանում 2026 թվականի ավարտին և 2027 թվականի սկզբին գործող պայմանագրային ժամկետների ավարտին ընդառաջ։ Նախարարը նշել է, որ գազի սակագնի սահմանումн իր գերատեսչության իրավասությունների շրջանակում չէ, և ինքը բավարար տեղեկություններ չունի այդ հարցին սպառիչ պատասխան տալու համար։