9.11.2026
Լուսանկարը՝ Սպուտնիկի
prev Նախորդ նորություն

ԱՄՆ զինվորականներ TRIPP-ի տարածքում չեն տեղակայվի. Իրանի ԱԳՆ

Լուսանկարը` իրանական ԶԼՄ-ներ
Լուսանկարը` իրանական ԶԼՄ-ներ

Հայաստանը Իրանին հավաստիացրել է, որ TRIPP («Թրամփի ուղի») նախագծի իրականացումը չի հանգեցնի տարածաշրջանի սահմանների փոփոխության կամ ամերիկյան ռազմական ներկայության հաստատման։


Այս մասին նոյեմբերի 9-ի ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով ԱՄՆ-ի մասնակցությամբ տրանսպորտային նախագծին։


«Մեզ ասացին, որ այս նախագծի իրականացումը ոչ մի կերպ չի հանգեցնի տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխության, շինարարական աշխատանքները կիրականացվեն հայկական ընկերությունների կողմից, իսկ ամերիկյան զինվորականները չեն տեղակայվի այդ տարածքում»,- նշել է Բաղային։


Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Թեհրանը նախագծի հնարավոր հետևանքների վերաբերյալ իր մտահոգություններն անմիջապես փոխանցել է Երևանին։ Նա վերահաստատել է, որ Իրանը կողմ է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն անընդունելի է համարում այնպիսի զարգացումները, որոնք կարող են փոխել միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածաշրջանում ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։


«Մենք շատ ուշադիր հետևում ենք գործընթացին և մեր դիրքորոշումը կհայտնենք ամեն անգամ, երբ դա անհրաժեշտ համարենք»,- ընդգծել է Բաղային՝ մատնանշելով տարածաշրջանում ԱՄՆ հնարավոր գործողությունների հետ կապված Թեհրանի մտահոգությունները։


Միաժամանակ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կարևորել է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը՝ ընդգծելով, որ Թեհրանը շարունակելու է իր մտահոգությունները ներկայացնել շահագրգիռ կողմերին։


Բաղայիի հայտարարությունը հնչել է նոյեմբերի 7-ին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի կողմից TRIPP-ի իրականացմանն ուղղված երկու եռակողմ տեխնիկական աշխատանքային խմբերի գործարկումից հետո։ Դրանք զբաղվելու են տրանսպորտային հաղորդակցությունների և էլեկտրաէներգիայի փոխանցման հարցերով։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական «Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում TRIPP-ը որակել էր որպես Իրանի «կարմիր գիծ»՝ խիստ քննադատելով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս նախագծի հարցում։


«Ես Հայաստանի դեսպանին հստակ ասել եմ, եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այս կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը»,- գրել էր Վելայաթին։ Նա նաև հայտարարել էր, որ Թեհրանն իրեն պատասխանատու է համարում Հարավային Կովկասի անվտանգության պահպանման համար՝ անկախ Ռուսաստանի մասնակցությունից։

Լուսանկարը` gov.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` 168.am
09.11.2026
Երևանը պատասխանել է գազի հարցով Մոսկվայի նամակին․ Խուդաթյանը մանրամասներ չի հայտնում