2.11.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
prev Նախորդ նորություն

Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծումը․ Փաշինյան

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից

Հայաստանի կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ նախագծով նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման գործընթացը՝ չսպասելով հայ-ամերիկյան համատեղ ընկերության ստեղծմանը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ աշխատանքների վաղ մեկնարկը թույլ կտա արագացնել ծրագրի իրականացումը, որի արդյունքում Հայաստանը, ըստ կառավարության հաշվարկների, դուրս կգա ավելի քան երեք տասնամյակ շարունակվող տրանսպորտային շրջափակումից։


Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ ԹՐԻՓՓ-ի իրականացումն արդեն գործնական փուլ է մտել։


«Հայաստանի կառավարությունը, մինչև հետագա գործընթացների կազմակերպումը, իր նախաձեռնությամբ կմեկնարկի ԹՐԻՓՓ նախագծի երկաթուղու, ավտոճանապարհի, էլեկտրահաղորդման գծերի նախագծի պատվիրելու հարցը, որ մենք ժամանակ չկորցնենք և սկսենք նախագծի շուրջ աշխատանքները», - ասել է վարչապետը։


Նրա խոսքով՝ նախագծային աշխատանքների արդյունքները հետագայում կփոխանցվեն ԹՐԻՓՓ-ի իրականացման համար ստեղծվող հայ-ամերիկյան զարգացման ընկերությանը։


Փաշինյանը նաև հստակեցրել է ծրագրի շրջանակում նախատեսվող ենթակառուցվածքների շրջանակն ու երկաթուղու երթուղին։ Ըստ նրա՝ ԹՐԻՓՓ-ի մաս կկազմի Սյունիքի մարզի Նռնաձոր-Կարճևան երկաթուղային հատվածը, ինչպես նաև ավտոճանապարհն ու էլեկտրահաղորդման գծերը։ Գազատարի և նավթատարի կառուցման հնարավորությունը կքննարկվի ավելի ուշ։


«Աներկբա և միանշանակ է, որ ԹՐԻՓՓ նախագծի իրագործման արդյունքում Հայաստանը բոլոր ուղղություններով ապաշրջափակվելու է։ Ապաշրջափակվելու է արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ուղղությամբ»,- հայտարարել է վարչապետը։


Միաժամանակ նա ընդգծել է, որ տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների բացումը չի նշանակում, թե դրանց ամբողջ ենթակառուցվածքը ներառվելու է ԹՐԻՓՓ նախագծում։


Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների մասնակցությամբ ստորագրված հռչակագիրը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովում՝ միաժամանակ Հայաստանի համար փոխադարձ օգուտների սկզբունքով։


2026 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Դրան կողմ է քվեարկել 63, դեմ՝ 32 պատգամավոր։


Համաձայնագիրը նախատեսում է ԹՐԻՓՓ-ի զարգացման հայ-ամերիկյան ընկերության ստեղծում, որում ամերիկյան կողմին պատկանելու է բաժնեմասերի 74, իսկ հայկական կողմին՝ 26 տոկոսը։

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
02.11.2026
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծումը․ Փաշինյան