Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ նման հնարավորությունը մեծ է, քանի որ Հայաստանը մտադիր է արագացնել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքները։
Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հաջորդ փուլի ժամանակացույցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ պայմանավորվածություն չկա, սակայն առաջիկայում ակնկալվում են համապատասխան քննարկումներ։
«Հաջորդ փուլի աշխատանքների ժամանակացույցի հետ կապված դեռ չունենք պայմանավորվածություն, բայց կարծում եմ՝ շուտով կլինի, կքննարկենք, կպայմանավորվենք»,- ասել է փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ սահմանազատման որոշ հատվածների առաջնահերթ դիտարկումը կարող է անհրաժեշտ լինել ԹՐԻՓՓ-ի շրջանակում նախատեսված շինարարական աշխատանքները կազմակերպելու համար։
«Ես կարծում եմ՝ շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքներին», - նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ ծրագրի իրականացումը պետք է արագացնել։
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ Սյունիքում արդեն սկսվել են ԹՐԻՓՓ-ի շրջանակում նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման նախապատրաստական աշխատանքները։ Դրանք իրականացվում են՝ չսպասելով հայ-ամերիկյան «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» ձևավորման ավարտին։
«Հիմա սխեմաներն ենք նայում, օպտիմալ տարբերակը։ Պիտի ամենաօպտիմալ տարբերակը գտնել, որպեսզի ներդրումն արդյունավետ լինի, և երկրորդը՝ որպեսզի ենթակառուցվածքը մրցունակ լինի տարածաշրջանում», – հայտարարել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ նախագծային լուծումները պետք է ապահովեն նաև նոր ենթակառուցվածքների մրցունակությունը միջազգային բեռնափոխադրումների շուկայում։ Նախատեսվում է, որ իրականացված նախագծային աշխատանքները հետագայում կփոխանցվեն ԹՐԻՓՓ-ի իրականացման համար ստեղծվող ընկերությանը։
Փոխվարչապետը միաժամանակ ընդունել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը դանդաղել է։ Սակայն, նրա գնահատմամբ, արդեն համաձայնեցված կանոնակարգի և ձևավորված իրավական հիմքերի առկայության պայմաններում հետագա աշխատանքները հիմնականում տեխնիկական և տեղագրական բնույթ են կրելու։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել էին աշխատանքները շարունակել հյուսիսից հարավ՝ սկսելով հայ-ադրբեջանա-վրացական սահմանների հատման շրջանից։ Միաժամանակ կողմերը քննարկել են հաղորդակցությունների բացմանն առնչվող առանձին հատվածներում սահմանազատումն առաջնահերթ իրականացնելու հնարավորությունը։
Սահմանազատման հանձնաժողովների վերջին պաշտոնապես հրապարակված հանդիպումը կայացել է 2026 թվականի ապրիլի 29-ին՝ Աղվերանում։ Այդ ժամանակ կողմերը քննարկել էին սահմանազատման աշխատանքների տեխնիկական ընթացակարգերը և համաձայնեցրել համապատասխան հրահանգների նախագծերը։