2.11.2026
Լուսանկարը` parliament.am
prev Նախորդ նորություն

Մոսկվան հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունը

Լուսանկարը՝ ՌԲԿ-ի
Լուսանկարը՝ ՌԲԿ-ի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնություն տալ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում Սամվել Մկրտչյանի նշանակմանը։ Խոսքը Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպանի մասին է, որի թեկնածությունը, ըստ հայկական մամուլի, ռուսական կողմը չէր ընդունել՝ հնարավոր է՝ եվրոպական երկրներում նրա դիվանագիտական աշխատանքի պատճառով։


«Այս հրապարակումը չի համապատասխանում իրականությանը», – հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից՝ պատասխանելով ռուսական РБК-ի հարցմանը։


Ավելի վաղ՝ հոկտեմբերի 31-ին, «Հրապարակ» օրաթերթը, վկայակոչելով իր աղբյուրը, գրել էր, որ Մոսկվան մերժել է Մկրտչյանի ագրեմանը՝ դեսպան նշանակվելու համար անհրաժեշտ նախնական համաձայնությունը։ Պարբերականը ենթադրել էր, որ պատճառը կարող էր լինել եվրոպական երկրներում նրա երկարամյա դիվանագիտական գործունեության նկատմամբ ռուսական կողմի անվստահությունը։


«Հրապարակը» նաև հայտնել էր, որ դեռ ամռանը Ռուսաստանում Հայաստանի գործող դեսպան Գուրգեն Արսենյանը հրաժեշտ է տվել ռուսաստանյան որոշ շրջանակների ներկայացուցիչների և օգոստոսին վերադարձել Հայաստան։ Սակայն հետագայում նա կրկին մեկնել է Մոսկվա և շարունակել պաշտոնավարել։ Թերթի տեղեկություններով՝ ռուսական կողմը կողմնակից էր Արսենյանի պաշտոնավարման շարունակությանը։


Սամվել Մկրտչյանը 2018 թվականի նոյեմբերին նշանակվել է Լեհաստանում Հայաստանի դեսպան և պաշտոնավարել մինչև 2023 թվականը։ Ավելի վաղ նա ղեկավարել է Լիբանանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, եղել ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը, ինչպես նաև գլխավորել ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչությունը։


Լեհաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո Մկրտչյանը ղեկավարել է Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչությունը։ 2025 թվականի ապրիլին նա մասնակցել է Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Երևան ժամանած եվրոպական փորձագիտական առաքելության հետ աշխատանքներին։


Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը 2024 թվականի օգոստոսից զբաղեցնում է Գուրգեն Արսենյանը։ Մոսկվայի հերքումից հետո պաշտոնապես չի պարզաբանվել՝ արդյոք Երևանը ներկայացրել է Մկրտչյանի թեկնածությունը դեսպանի պաշտոնում նշանակելու համար։

Լուսանկարը՝ primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
02.11.2026
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծումը․ Փաշինյան