Փակ սահմանի առևտուրը. Ադրբեջանը Հայաստան է արտահանել 23,4 մլն դոլարի ապրանք
Լուսանկարը` Yerevan today
Չնայած բարդ քաղաքական ֆոնին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական կապերն աննախադեպ ակտիվություն են դրսևորում:
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով ադրբեջանական արտահանումը հայկական շուկա հատել է 23 միլիոն դոլարի շեմը, ընդ որում, մատակարարումների գերակշիռ մասը բաժին է ընկնում էներգակիրներին։
Վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի պաշտոնական տվյալները՝ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին դեպի Հայաստան արտահանման ծավալը կազմել է 23 միլիոն 450 հազար դոլար։
Այս ցուցանիշն ապահովել է հարևան երկրի ընդհանուր արտահանման 0,10 տոկոսը։ Միևնույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ապրանքների ներմուծման ծավալը համեմատաբար համեստ է եղել՝ կազմելով 96,46 հազար դոլար։
Երկկողմ առևտրային շփումների աշխուժացումը նկատվում է վերջին մեկ տարվա ընթացքում։ Ինչպես նախորդ ամիս պարզաբանել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, գործընթացը երկկողմանի բնույթ է կրում։ «Հայաստանից Ադրբեջան արտահանվում է ալյումինե փայլաթիթեղ»,- հայտարարել էր տնտեսական գերատեսչության ղեկավարը՝ մեկնաբանելով ապրանքաշրջանառության վիճակագրությունը։
Ադրբեջանից ներկրվող ապրանքների կառուցվածքն ունի հստակ արտահայտված հումքային բնույթ։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստան ներմուծվող ադրբեջանական արտադրանքի ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 99 տոկոսը, բաժին է ընկնում նավթին և նավթամթերքին: Բացի վառելիքից, հայկական շուկա են մուտք գործել նաև պլաստմասսայե շինարարական դետալներ:
Հատկանշական է, որ ադրբեջանական էներգակիրների առևտրային մատակարարումները մեկնարկել են դեռևս 2025 թվականի դեկտեմբերին, երբ Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան ներկրվեց ադրբեջանական SOCAR ընկերության բենզինի առաջին խոշոր խմբաքանակը։