«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը կժամանի Հայաստան հայկական երկաթուղու օրակարգով. ԱԳՆ
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի կառավարությունը մտադիր է վերանայել երկրի երկաթուղային ցանցի կառավարման պայմանագիրը ռուսական կողմի հետ՝ արևմտյան գործընկերների հետ աշխատանքը խթանելու նպատակով։ Այս հարցի շուրջ բանակցելու համար առաջիկայում Երևան կժամանի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ռուս պաշտոնյան Հայաստան է գալիս բացառապես հայկական երկաթուղու օրակարգով։ Թեև այցի հստակ ժամկետները դեռ չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ այն նախատեսված է այս շաբաթվա ընթացքում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ անցյալ շաբաթ էր անդրադարձել Բելոզյորովի հետ սպասվող հանդիպմանը՝ նշելով. «Մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշակի հետևություններ կանենք էդ աշխատանքային քննարկման արդյունքներով»։
Պաշտոնական Երևանն արդեն տևական ժամանակ բարձրաձայնում է գործող կոնցեսիոն պայմանագրի հետ կապված մարտահրավերների մասին։ Հայկական կողմի պնդմամբ՝ ռուսական կառավարման պատճառով երկիրը զրկվում է մրցակցային առավելություններից, քանի որ արևմտյան գործընկերները խուսափում են օգտվել ռուսական վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքներից։ Որպես փոխզիջումային ելք՝ Հայաստանն առաջարկում է ենթակառուցվածքի կառավարումը հանձնել երկու երկրների համար էլ ընդունելի երրորդ պետության։
Չնայած վարչապետ Փաշինյանի այն հավաստիացումներին, թե հայկական կողմը ցանկանում է հարցը կարգավորել բարեկամական մթնոլորտում, Մոսկվայից հնչող արձագանքները կոշտ են։ Ռուսական կողմը նախազգուշացրել է, որ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման կամ դրա պայմանների էական փոփոխության դեպքում իրենք կարող են պահանջել մինչ այժմ կատարված բոլոր ներդրումների ամբողջական փոխհատուցում։