Հայաստանը մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի հավելուրդից անցել է դեֆիցիտի, ինչը վկայում է ռազմավարական պլանավորման լուրջ խնդրի մասին։ Այս մասին ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասուրդ է արձանագրվում ներդրումային ծրագրերի մեծ ծավալի պատճառով։
Դավթյանի խոսքով՝ իրավիճակն առաջին հերթին վկայում է ռազմավարական պլանավորման բացակայության մասին։ «Ընդամենը մեկ տարի առաջ մոդուլային ատոմային ռեակտորի կառուցումը ներկայացվում էր որպես ռազմավարական ընտրություն։ Հիմա արդեն խոսում են մեծ հզորության անհրաժեշտության մասին՝ սպասվող էլեկտրաէներգետիկ պակասուրդը ծածկելու համար։ Լավ, իսկ մեկ տարի առաջ այդ պահանջարկը չէի՞նք հաշվարկել։ Ի՞նչ հաշվարկի հիման վրա էինք ընտրում մոդուլային տարբերակը»,- ասաց փորձագետը YerevanToday-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ ատոմակայանի կառուցման որոշումը չի կարող հիմնվել միայն ընթացիկ պահանջարկի վրա, քանի որ այն նախատեսվում է շահագործել տասնամյակներ շարունակ։ «Ատոմակայանը տասնամյակների համար ես կառուցում։ Նախ պետք է հասկանաս՝ ինչ տնտեսություն ես ունենալու, ինչ արտադրություններ են բացվելու, որքան է ավելանալու սպառումը։ Դրանից հետո որոշես՝ ինչ հզորություն է պետք, ինչ տեխնոլոգիա և ինչ ժամկետներում։ Մեզ մոտ այս հերթականությունը խախտված է։ Տնտեսության զարգացման ծրագրերն առանձին են, էներգետիկ որոշումներն՝ առանձին»,- նշեց Դավթյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ հստակ հաշվարկ չեն ներկայացրել անգամ այն մասին, թե առաջիկա տարիներին որքան էլեկտրաէներգիայի կարիք կունենա երկիրը։ «Մենք մինչև հիմա հստակ պատասխան չունենք նույնիսկ այն հարցին, թե հինգ տարի անց որքան էլեկտրաէներգիա է մեզ անհրաժեշտ լինելու։ Սա է պետական կառավարման որակի խնդիրը»,- ասաց նա։
Դավթյանի գնահատմամբ՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի աճին կարող են էապես նպաստել նաև նոր տեխնոլոգիական ծրագրերը։ Նա որպես օրինակ նշեց արհեստական բանականության ոլորտը, Հրազդանում կառուցված ԱԲ ֆաբրիկան և կրիպտոարժույթների մայնինգը։ «Վերցնենք արհեստական բանականությունը, Հրազդանում կառուցված ԱԲ ֆաբրիկան կամ կրիպտոարժույթների աճող մայնինգը։ Այս ծրագրերի իրականացումն ու ընդլայնումը լրացուցիչ պահանջարկ են ստեղծելու։ Ընդ որում՝ տվյալների կենտրոնին շուրջօրյա, հուսալի էլեկտրամատակարարում է անհրաժեշտ։ Պետք է նախապես իմանալ՝ այդ հոսանքը որտեղից ենք ստանալու, ինչ գնով, և արդյոք ցանցը պատրաստ է այդ բեռին»,- նշեց փորձագետը։
Նրա խոսքով՝ հատկապես տվյալների կենտրոնների և արհեստական բանականության զարգացման դեպքում էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը պետք է նախապես ներառվի էներգետիկ պլանավորման մեջ։ Դավթյանը միջազգային միտումները ներկայացրեց տվյալների կենտրոնների էներգասպառման օրինակով։ «Որպեսզի մասշտաբը հասկանանք՝ Էներգետիկայի միջազգային գործակալության գնահատմամբ՝ աշխարհի տվյալների կենտրոնները 2025 թվականին սպառել են շուրջ 485 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Մեկ տարում աճը կազմել է 17 տոկոս։ Իսկ հենց ԱԲ-ին ծառայող կենտրոնների սպառումն աճել է մոտ 50 տոկոսով։ Մինչև 2030 թվականը ամբողջ տվյալների կենտրոնների սպառումը կանխատեսվում է շուրջ 950 մլրդ կՎտ.ժ, իսկ ԱԲ կենտրոններինը՝ եռապատիկ ավելի, քան 2025-ին։ Այսինքն՝ պահանջարկի աճն արդեն տեսանելի է, և դրա մասին այսօր մտածելն անգամ ուշացած արձագանք է»,- ասաց նա։
Դավթյանի գնահատմամբ՝ կառավարությունը պետք է ներկայացնի հստակ հաշվարկ, թե առաջիկա տարիներին Հայաստանի էներգետիկ պահանջարկն ինչպես է փոխվելու։ «Այդ հաշվարկի մեջ պետք է տեղ ունենան նաև հայտարարվող տեխնոլոգիական ծրագրերը»,- նշեց նա։ Փորձագետի խոսքով՝ առանց նման հաշվարկի էներգետիկ ոլորտում ընդունվող որոշումները կարող են իրար հաջորդել՝ առանց միասնական երկարաժամկետ ռազմավարության։ «Հակառակ դեպքում այսօր մոդուլային ռեակտոր են խոստանում, վաղը՝ մեծ ատոմակայան, իսկ տնտեսությունը մնում է սպասելու, թե իր համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան երբ և որտեղից է գալու։ Սա տնտեսությունն ու էներգետիկ սեկտորը «ручной режим»-ով կառավարելու դրսևորում է»,- եզրափակեց Դավթյանը։