Ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումը Սյունիքի մարզ ի հայտ բերեց Հայաստանի պետական սահմանների պահպանության լրջագույն խնդիրները:
Իշխանությունները կտրականապես բացառում են նախապես ծրագրված դիվերսիայի վարկածը, սակայն բացահայտ ընդունում են, որ սահմանախախտին վնասազերծելու ուղղությամբ հատուկ ծառայությունների օպերատիվ աշխատանքները ցանկալի արդյունք չեն տվել։
Factor TV-ի հետ զրույցում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզ կդառնան միայն բազմակողմանի քննությունից հետո։ Անդրադառնալով սահմանի անարգել հատման փաստին՝ խորհրդարանականը մատնանշել է որոշ հատվածներում լիարժեք վերահսկողության բացակայությունը։
«Ես չեմ կարող ասել՝ որտեղով է անցել, որովհետև տեղեր կան, որ սահմանապահների վերահսկողության տակ չեն։ Ցավոք սրտի, Հայաստանի սահմանների մեծ մասը դեռևս բանակային ստորաբաժանումների վերահսկողության տակ է: Դրա համար ենք մենք ուզում, որ օր առաջ սահմանազատումն ավարտվի, և տեղադրվեն ժամանակակից տեխնիկական միջոցներ»,- ընդգծել է Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ամրագրված է Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։
Խոսելով այն մասին, որ դեռևս սեպտեմբերի 29-ին ԱԱԾ-ն ադրբեջանական կողմից տեղեկացված է եղել զինվորի անհետացման մասին, բայց բնակչությանը չի զգուշացրել, պատգամավորը դա բացատրել է «օպերատիվ նպատակահարմարությամբ»։ Միևնույն ժամանակ, նա անկեղծորեն գնահատել է որոնողական օպերացիայի տապալումը։
«Ամեն դեպքում, տեսնում ենք, որ այդ միջոցառումները այդքան արդյունք չեն տվել, և փաստորեն հաջողվել է այդ ադրբեջանցուն ինչ-որ կերպ սպրդել, գնալ, մարդու տանը հաց ուտել, ինչին հետևել են կրակոցները»,- արձանագրել է իշխանության ներկայացուցիչը։
Ձերբակալված Նասիմի Մուսաևին հայ գերիների հետ փոխանակելու հավանականությունն այս փուլում Խաչատրյանն անիրատեսական է համարում։ Նրա խոսքով՝ միջպետական քննարկումները հնարավոր կլինեն միայն քննության ավարտից և կատարվածին իրավական գնահատական տալուց հետո։
Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ 2 ամսով կալանավորված սահմանախախտը վիրավոր է և ներկայումս բուժում է ստանում, սակայն արդեն հասցրել է նախնական ցուցմունք տալ, իսկ ապաքինվելուն պես կհարցաքննվի ավելի հանգամանալից: