21.09.2026
Լուսանկարը` b24.am
prev Նախորդ նորություն

Լռություն եթերում. Հանրային հեռուստատեսությունը շրջանցել է Արցախի հայաթափման տարելիցը

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից

Սեպտեմբերի 19-ին լրացավ Լեռնային Ղարաբաղի հայաթափման երրորդ տարելիցը, սակայն Հայաստանի գլխավոր հանրային հեռարձակողի լրատվական եթերում համազգային ողբերգության այս իրադարձությունը պարզապես գոյություն չուներ:


Մինչ անկախ և մասնավոր լրատվամիջոցները ծավալուն անդրադարձ էին կատարում արյունալի պատմությանը, Առաջին ալիքի եթերում գերակշռում էին տնտեսական ցուցանիշներն ու տոնական նախապատրաստությունները, գրում է media.am-ը:


Ուղիղ երեք տարի առաջ Ադրբեջանի զինված ուժերը, իննամսյա շրջափակումից հետո, «հակաահաբեկչական գործողության» քողի ներքո լայնածավալ հարձակում սկսեցին Լեռնային Ղարաբաղում։ Մեկօրյա պատերազմը խլեց 223 կյանք, այդ թվում՝ խաղաղ բնակիչների և երեխաների, իսկ ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեց իր նախնիների հողից: Եվ եթե հայկական մեդիադաշտը՝ թե՛ առցանց հարթակները, թե՛ հեռուստաընկերությունները, լայնորեն լուսաբանում էին տարելիցը, հիշատակի միջոցառումներն ու քաղաքացիների երթը դեպի Եռաբլուր պանթեոն, ապա Հանրային հեռուստատեսության «Լուրեր» լրատվական ծրագիրն օրվա ընթացքում լռություն պահպանեց:


Ժամը 13։00-ի թողարկման ժամանակ Արցախի թեմային միակ, այն էլ՝ անուղղակի անդրադարձը տեղի ունեցավ Գերմանիայում ՀՀ վարչապետին Հեսսեյան խաղաղության մրցանակի հանձնման ռեպորտաժում։ Եթերում հնչեց Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Սերապ Գյուլերի դրվատանքի խոսքն ուղղված Նիկոլ Փաշինյանին. «Մարդիկ այնտեղ թողեցին իրենց կյանքը, թաղամասերը, եկեղեցիները։ Այնտեղ թողեցին իրենց ազգականների գերեզմանները։ Հայ հասարակության համար սա հերթական տրավման էր։ Էլի շատ հեշտ կլիներ այդ ցավը վերածել քաղաքական կապիտալի, բայց դուք որոշեցիք այլ ճանապարհով գնալ՝ քաղաքական պատասխանատվություն վերցնել Հայաստանի նոր ապագայի համար»:


Հաջորդիվ՝ 17։00-ի և 21։00-ի գլխավոր թողարկումներում, օրակարգն ամբողջությամբ փոխվեց: Հեռուստադիտողին ներկայացվեցին Հայաստանում ավանդների ծավալի քառապատկումը, Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցությունները և անգամ Դոնալդ Թրամփի 25 ձեռքբերումների ցանկը:


Օրվա գլխավոր եթերը, որը կրում էր «Հարատև պետություն. ինչպես է նշվելու ՀՀ 35-ամյակը» խորագիրը, կենտրոնացած էր Վանաձորում, Գյումրիում և Երևանում սպասվող համերգների, ինչպես նաև վարչապետի՝ ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան կենտրոն կատարած այցի վրա: Արդյունքում, պետական գլխավոր խոսափողը գերադասեց պաշտոնական արարողակարգերն ու վիճակագրական աճը՝ փաստացի շրջանցելով հանրության համար առանցքային և ողբերգական տարելիցը։

Լուսանկարը` CivilNet.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
21.09.2026
Մեր անկախության այս տարվա մարտահրավերը Տիգրանաշենն է.