Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP ընկերության հիմնադրման շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին, իսկ տարածաշրջանում խաղաղությունն արդեն իսկ կայացել է և կարիք ունի միայն ինստիտուցիոնալ ամրապնդման։ Այս մասին կառավարությունում օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գնահատելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Խոսելով հայ-ամերիկյան համագործակցությամբ ստեղծվող նախագծի մասին՝ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ համապատասխան համաձայնագիրն այժմ գտնվում է վավերացման փուլում։ Վարչապետը վստահեցրել է, որ գործընթացի հայկական հատվածում որևէ խնդիր չկա, և ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։ «Ոչ մի խոչընդոտ չկա, այսինքն՝ պարզ աշխատանքային գործընթաց է, որը ժամանակ է տանում, և Հայաստանի ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն իրար հետ աշխատում են»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով խաղաղության գործընթացին և դրան խանգարող հնարավոր հանգամանքներին՝ Փաշինյանը նշել է, որ որևէ արգելք գոյություն չունի, քանի որ խաղաղությունն իրականում արդեն հաստատված է։ Տրանսպորտային ուղիների բացումը, նրա համոզմամբ, այդ իրավիճակն ամրագրելու լավագույն գործիքն է։
«Իրադրությունն այն է, որ խաղաղությունը կա, տևում է, ուրիշ բան, որ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկենք, և TRIPP-ն էլ է խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերից, որովհետև երբ ճանապարհները բացվեն, և տեղի ունենա հաղորդակցություն, ապաշրջափակում, դա շատ ուժեղ երաշխիք է խաղաղության, որովհետև այդ խաղաղությունից բոլոր երկրներն իրենց օգուտները կստանան»,- հայտարարել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև վերահաստատել է, որ պաշտոնական Երևանը շարունակում է ակտիվորեն աշխատել ադրբեջանական կողմի հետ՝ համապարփակ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և ստորագրելու ուղղությամբ։
TRIPP-ը (Trump Route for International Peace and Prosperity՝ Խաղաղության և բարգավաճման միջազգային Թրամփի ուղի) տարանցիկ ենթակառուցվածքների նախագիծ է, որով նախատեսվում է վերականգնել Հայաստանի տարածքով Ադրբեջանի տրանսպորտային կապը Թուրքիայի և Նախիջևանի հետ:
Դա հանգեցնելու է նաև Հայաստանի երկաթուղային կապի վերականգնմանն Ադրբեջանի հետ: 2026 թվականի հունիսին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որի հիման վրա ստեղծվում է TRIPP Development Company համատեղ ձեռնարկությունը. այստեղ ԱՄՆ-ին բաժին է հասնում 74, իսկ Հայաստանին՝ 26 տոկոսը: Նախագիծը դիտարկվում է որպես լայնածավալ Անդրկասպյան առևտրային երթուղու մաս: