Երևանն ու Նյու Դելին քննարկել են համատեղ ռազմատեխնիկական ծրագրերն ու մարտահրավերները
Լուսանկարը` mil.am
Հայաստանն ու Հնդկաստանը շարունակում են խորացնել ռազմավարական գործակցությունը պաշտպանական ոլորտում։ Երևանում կայացած բարձրաստիճան հանդիպումների առանցքում ռազմատեխնիկական համատեղ ծրագրերն են ու տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները:
Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է նախօրեին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակն ու զարգացման դինամիկան:
Բանակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձել են երկու պետությունների միջև ռազմական և հատկապես ռազմատեխնիկական փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հրատապ հարցերի շուրջ:
Երկու երկրների միջև պաշտպանական կապերի ակտիվացումը կրում է համակարգված բնույթ. դեռևս 2025 թվականի վերջին կողմերը ստորագրել էին 2026 թվականի համագործակցության ընդարձակ ծրագիր, որը ենթադրում է փորձի փոխանակում, մարտական պատրաստության և ռազմատեխնիկական նախագծերի իրագործում, ռազմական կրթության զարգացում, ինչպես նաև փորձագիտական ու բարձրաստիճան ինտենսիվ փոխայցելություններ: