Վրաստանում կացության և Հայաստանի սահմանահատման կեղծ սխեմա է բացահայտվել
Լուսանկարը` armeniatoday.am
Վրաստանի իրավապահ մարմինները բացահայտել են խարդախության խոշոր սխեմա, որի շրջանակներում մի խումբ անձինք հազարավոր դոլարների դիմաց օտարերկրացիներին խոստացել են ապահովել երկրում կացության օրինական կարգավիճակ և անխափան սահմանահատում դեպի Հայաստան, գրում է «Грузия онлайн»-ը:
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության իրականացրած քննության արդյունքում դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի չորս և օտարերկրյա մեկ քաղաքացու: Ըստ գերատեսչության պաշտոնական հաղորդագրության՝ մեղադրյալները 14,5 հազար ԱՄՆ դոլարի դիմաց խոստացել են օտարերկրացուն աջակցել Վրաստանում կացության թույլտվություն ստանալու բարդ գործընթացում։
Բացի այդ, հանցավոր խմբավորման անդամները պահանջել են ևս 5 հազար դոլար՝ տվյալ անձի՝ երկրի տարածքում գտնվելու արհեստական օրինական հիմքեր ստեղծելու համար, ինչը ենթադրել է վրաց-հայկական սահմանի ձևական հատում և անարգել վերադարձի կազմակերպում:
Իրավապահները պարզել են, որ այս երկրորդ գործարքի շրջանակներում խումբն արդեն իսկ հասցրել էր ստանալ 3 հազար դոլար կանխավճար: Մեղադրյալների նկատմամբ քրեական գործ է հարուցվել խոշոր չափերով խարդախության և նախնական համաձայնությամբ խարդախության փորձ կատարելու հատկանիշներով, ինչի համար որպես առավելագույն պատիժ նախատեսվում է մինչև ինը տարվա ազատազրկում: