ՀԱՊԿ-ն սպասում է Երևանին. նոյեմբերին կքննարկվի ՀՀ ձայնի իրավունքը
Լուսանկարը` ՌԲԿ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Երևանն ողջամիտ ժամկետներում հստակ որոշում կկայացնի ռազմաքաղաքական դաշինքում իր հետագա մասնակցության հեռանկարների վերաբերյալ։
«ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովն ընդգծել է, որ Կազմակերպությունն սպասում է մասնակցության հարցի վերջնական հանգուցալուծմանը:
Դրան զուգահեռ, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը պարզաբանել է, որ կառույցի մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու համար անհրաժեշտ կլինի անդամ բոլոր պետությունների կոնսենսուսը: Ակնկալվում է, որ այս հարցը կարող է դառնալ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական գագաթնաժողովի քննարկման առարկա, որին կմասնակցեն անդամ երկրների ղեկավարները:
Հիշեցնենք, որ Երևանը դադարեցրել է իր գործնական մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և սառեցրել անդամակցությունը՝ մեղադրելով դաշինքին 2022 թվականի սեպտեմբերին և դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանի հետ սահմանային բախումների ժամանակ իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու մեջ:
Ի պատասխան այս քայլի՝ Ռուսաստանը բազմիցս ափսոսանք է հայտնել Հայաստանի դիրքորոշման առնչությամբ՝ հերքելով անգործության մասին մեղադրանքները և կոչ անելով առկա տարաձայնությունները հարթել Կազմակերպության շրջանակներում կառուցողական երկխոսության միջոցով: