30.07.2026
Լուսանկարը` angelinaeganyan.wordpress.com
prev Նախորդ նորություն

Ռուսական շուկայի ճգնաժամը՝ շանս. վարչապետը ոլորտի արդիականացման կոչ է անում

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Ռուսաստանի և ԵԱՏՄ շուկաներում առաջացած արտահանման խոչընդոտները ոչ թե աղետ են, այլ տնտեսության դիվերսիֆիկացման և արտադրանքի որակը նոր մակարդակի բարձրացնելու բացառիկ հնարավորություն: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հաստատելով ձկնաբուծական տնտեսություններին աջակցելու կառավարության նոր ծրագիրը:


Հուլիսի 30-ին կայացած Կառավարության նիստում գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ավանդական շուկաներում ստեղծված բարդությունները պետք է ծառայեն որպես խթան տնտեսական գլոբալ բարեփոխումների համար:


Ըստ վարչապետի՝ թեև տարիներ շարունակ խոսվում է տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի մասին, այն գործնականում տեղի չի ունենում, քանի որ նոր շուկաներ մուտք գործելը պահանջում է արդյունավետության աննախադեպ աճ և միջազգային խիստ ստանդարտների պահպանում։ Փաշինյանը կոչ է արել դադարել տրտնջալ և ստեղծված իրավիճակն օգտագործել որպես զարգացման պատմական շանս:


«Ես կտրականապես դեմ եմ, որ աջակցենք այն ուղղություններին, որոնք չեն տանում զարգացման։ Աջակցությունը չպետք է լինի պահպանողական միջոց, այն պետք է դառնա առաջընթացի ճանապարհ, որպեսզի համոզված լինենք, որ Ա կետից շարժվում ենք դեպի Բ կետ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետի այս հայտարարության համար հիմք է հանդիսացել Արարատի և Արմավիրի մարզերի 135 արդյունաբերական ձկնաբուծարաններին ֆինանսական աջակցություն տրամադրելու նախագծի քննարկումը։ Ըստ որոշման՝ պետությունը կսուբսիդավորի 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված սերտիֆիկացված կերի արժեքի 20 տոկոսը, ինչը կօգնի նվազեցնել ինքնարժեքն ու գտնել իրացման նոր շուկաներ:


Այդուհանդերձ, վարչապետը հստակեցրել է, որ պետական փողերը տրամադրվելու են խիստ վերահսկողության ներքո: Նա ահազանգել է ոլորտում առկա ահռելի ստվերի մասին՝ շեշտելով, որ անգին արտեզյան ջրավազանի անխնա սպառման դիմաց պետբյուջե է մուտքագրվում ընդամենը 2,5-ից 3 միլիարդ դրամ։ Բացի այդ, Փաշինյանը բարձրացրել է սննդի անվտանգության և որակի սուր խնդիրը՝ անկեղծանալով, որ անձամբ վաղուց հրաժարվել է տեղական արհեստական պայմաններում աճեցված ձուկ սպառելուց։


Կառավարության ղեկավարն ամփոփել է՝ պետությունը կանգնած է բիզնեսի կողքին, բայց փոխարենը պահանջում է թափանցիկություն, բնապահպանական պատասխանատվություն և բարձրակարգ արտադրանք։