Բաքվու հայ գերու վիճակը վատթարացել է. ընտանիքը լուր չունի
Լուսանկարը` CivilNet.am
Ադրբեջանում արդեն վեց տարի անազատության մեջ գտնվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, իսկ հարազատներն ավելի քան մեկ ամիս որևէ տեղեկություն չունեն նրա ճակատագրից: Իրավիճակի առնչությամբ փաստաբանը բաց նամակով դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը՝ հրատապ հեռախոսակապ տրամադրելու պահանջով:
Փաստաբան Լուսիանա Մինասյանի փոխանցմամբ՝ բանտարկյալի կինը՝ Հրանուշ Շահբազյանը, ամուսնու հետ վերջին անգամ կապ է հաստատել հունիսի 19-ին։ Այդ խոսակցության ժամանակ Մկրտչյանը հայտնել է, որ սաստիկ թուլության պատճառով վայր է ընկել և տեղափոխվել սրտաբանական բաժանմունք՝ հետազոտության։ Դրանից անմիջապես հետո ընտանիքի հետ կապն ամբողջությամբ ընդհատվել է, իսկ ադրբեջանական կողմը որևէ պաշտոնական ախտորոշում կամ բժշկական պարզաբանում մինչ օրս չի տրամադրել։
Բժշկական վերջին տվյալների համաձայն՝ 56-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել են բորբոքային պրոցեսներ, կենսական ցուցանիշների կրկնակի շեղումներ և սրտային լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ ձախ փորոքի հիպերտրոֆիա։ Իրավապաշտպանն ընդգծում է, որ ընտանիքի հետ թեկուզ մեկ հեռախոսազանգի կազմակերպումը մարդկային արժանապատվության նվազագույն դրսևորում է, որը թույլ կտա հարազատներին համոզվել բանտարկյալի ողջ և գիտակից լինելու մեջ։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Բաքվի բանտերում այս պահին պահվում է 19 հայ գերի, որոնց շարքում են նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները՝ դատապարտված երկարամյա կամ ցմահ ազատազրկման։