18.05.2026
Լուսանկարը` ИЗВЕСТИЯ/Зураб Джавахадзе
prev Նախորդ նորություն

Ձերբակալություններ Լոռիում. ընդդիմադիրները խոչընդոտել են ՔՊ քարոզարշավը

Լուսանկարը` rossaprimavera.ru
Լուսանկարը` rossaprimavera.ru

Լոռու մարզի դատարանը կալանավորել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վեց աջակցի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը բռնությամբ խոչընդոտելու մեղադրանքով. քարոզարշավ, որը մարզում համակարգում էր արձակուրդում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարը:


ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդել Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպերի առթիվ հարուցված քրեական վարույթից։ Ըստ նախաքննական մարմնի՝ մայիսի 16-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նպատակաուղղված փորձել են տապալել իշխող ուժի նախապես հայտարարված քարոզչական միջոցառումները։


Միջադեպերը գրանցվել են մի քանի բնակավայրերում։ Նորաշենի սկզբնամասում ակցիայի մասնակիցներն ավտոմեքենաներով փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը։ Նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի հրապարակում ընդդիմության ներկայացուցիչները միացրել են բարձր երաժշտություն և, ըստ քննության տվյալների, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքի մասնակիցների նկատմամբ։


Այս իրադարձությունների ուշագրավ հանգամանքն այն է, որ այդ օրերին Լոռու մարզում իշխող կուսակցության քարոզարշավն անձամբ առաջնորդում էր արձակուրդում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։


Ոստիկանության գործողությունների արդյունքում մի խումբ անձանց կողմից քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով սկզբնական շրջանում ձերբակալվել էր տասը անձ։ Այս պահի դրությամբ դատարանի որոշմամբ նրանցից վեցը կալանավորվել են, ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։


Մյուս երեք ձերբակալվածների մասով նախաքննական մարմինը նույնպես կալանավորման միջնորդություններ է ներկայացրել դատարան, որոնց քննության օրերը դեռ նշանակված չեն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Հաջորդ նորություն next