Հայաստանը 60 մլն դրամի օգնություն կուղարկի Լիբանան
Լուսանկարը՝ Sputnik
ՀՀ կառավարությունը հրատապ մարդասիրական աջակցություն կցուցաբերի Լիբանանին՝ արձագանքելով ռազմական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված ծանր հումանիտար ճգնաժամին։
Մայիսի 14-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ գործադիրը պետական պահուստային ֆոնդից կհատկացնի շուրջ 60 միլիոն դրամ՝ տուժած բնակչության կենսական պահանջմունքները բավարարելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ ընդգծվում է, որ պատերազմական իրավիճակը Լիբանանում հանգեցրել է սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության պարագաների խիստ պակասի։ Նախատեսված ֆինանսական միջոցներից 34 միլիոն դրամը կուղղվի պարենային ապրանքների և սանիտարահիգիենիկ միջոցների ձեռքբերմանը, իսկ մնացած 26 միլիոն դրամով կգնվեն անհրաժեշտ դեղամիջոցներ։
Տրամադրվող ապրանքների հստակ ցանկը նախապես ուսումնասիրվել և կազմվել է Արտաքին գործերի նախարարության կողմից՝ հաշվի առնելով տեղում առկա առաջնային կարիքներն ու ստեղծված իրադրությունը։