Յուրաքանչյուր չորրորդ երեխայի ծնունդի համար ընտանիքը կստանա 2 մլն դրամ. «Ուժեղ Հայաստան»
Այս իշխանության վարած սխալ քաղաքականության պատճառով բազմաթիվ երիտասարդներ զոհվեցին, ինչքան երիտասարդների ապագա կործանեց: Բայց ունենք ավելի վտանգավոր և կարևոր հարց, որի մասին բոլորը լռում են։ Այս մարդիկ հանգիստ, առանց աչքերը թարթելու փոքրացնում են մեր երկիրը, նվաստացնում են մեր երկիրը և այսպես գնալով մի քանի տարի հետո մենք կարող ենք ունենալ Հայաստան առանց հայերի, կամ շատ քիչ հայերով։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Բացարձակ չի տարվում քաղաքականություն մարզերի զարգացման համար, արտագաղթը հասնում է բացարձակ մակարդակների։ Իրենք, սակայն, հայտարարում են, թե մենք ունենք բնակչության աճ: Իրականում ամբողջությամբ հակառակ պատկերն ունենք։ Բոլոր մեր սահմանամերձ գյուղերը այսօր վտանգի տակ են, կարելի է ասել Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը։ Դրա համար մենք այս հարցերը համարում ենք շատ կարևոր»,– հայտարարեց Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով, Հայաստանում ամուսնալուծությունները հասել են բացարձակ մակարդակի, ծնելիությունը նվազում է, երկիրը կամաց-կամաց հայաթափվում է արտագաղթի հաշվին: Սամվել Կարապետյանը շեշտեց՝ մեր ժողովրդագրական տվյալները սարսափելի են։
Որպես լուծում կուսակցությունն առաջարկում է. յուրաքանչյուր չորրորդ երեխայի ծնունդի համար ընտանիքը ստանալու է 2 մլն դրամ, իսկ հինգերորդ և մնացած երեխայի համար ընտանիքները ստանալու են անվճար բնակարան:
«Ես ուզում եմ նորից մեր հասարակության ուշադրությունը սևեռել 300 000 ադրբեջանցիների վրա։ Եթե մենք չկանգնեցնենք դա, շատ շուտով կհայտնվեն Հայաստանի տարբեր շրջաններում և առաջին հերթին Փաշինյանի կողմից ազատված սահմանամերձ շրջաններում և գյուղերում»,– հավելեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։
Հիշեցնենք, կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանության գալով Հայաստանում կստեղծեն 300 000 աշխատատեղ, 20 000 մատչելի բնակարան կտրամադրեն և այլն: