Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներ և գրասենյակի աշխատակիցներ
Ֆոտո․ am.sputniknews.ru
Արդեն մի քանի ժամ է հակակոռուպցիոն կոմիտե բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից և գրասենյակի աշխատակիցներից, իսկ պաշտպանների մասնակցությունը խոչընդոտվում է: Այս մասին Facebook–ի իր էջում ահազանգել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Դիմել ենք ՄԻՊ ու ինչպես միշտ՝ հիմա կմիջամտենք, հիմա կկապնվեն, վերջում՝ անձինք մասնավոր պաշտպան չեն ցանկանում, հանրային պաշտպան են ուզել .... Հիմա հարց, որ տրամաբանության, քրեադատավարական, որ սկզբունքի, պետության ռեսուրսի անհիմն վատնման, որ ձևաչափի մեջ է այս ամենը տեղավորվում»։
Այսօր ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Մեր ձևով» ՀԿ–ի գրասենյակի ղեկավարը ԱԺ ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաև հերթական գաղտնալսված ծայնագրությունն է հրապարակել։