13.05.2026
Համայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել
prev Նախորդ նորություն

Միրզոյանի հայտնի «շշուկը». ԱԳՆ-ն հաստատում է Թուրքիայի հետ ուղիղ առևտրի մեկնարկը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի կողմից ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացմանը:

«Ողջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:

Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:

Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։

Հիշեցնենք, որ երեկ՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ, ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ականջին ինչ-որ բան ասել:

Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանել էր, որ խոսքը Թուրքիայից դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների փոփոխությանն է վերաբերում։

Ըստ նրա՝ թուրքական կողմի օրենսդրական կարգավորումների համաձայն՝ Հայաստանը երկրների ցանկում ներառված չի եղել, ինչի պատճառով ապրանքներն առաջին հերթին ձևակերպվել են որպես երրորդ երկիր արտահանվող, ապա նոր վերաարտահանվել Հայաստան։