Անկարան պատրաստ է Հայաստանի հետ սահմանի բացմանը տեխնիկական ընթացակարգերի ավարտից հետո
Երկու երկրների միջև սահմանի բացման գործընթացը գտնվում է տեխնիկական նախապատրաստման ավարտական փուլում, իսկ հարաբերությունների կարգավորման քաղաքական որոշումն արդեն ընդունված է։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Նրա խոսքով՝ սահմանի բացման հարցը համաձայնեցվել էր ավելի վաղ. «Մենք արդեն որոշում ենք կայացրել, որ երբ գա հարմար ժամանակը և ավարտվեն ձևակերպումները, մենք կբացենք սահմանը», — նշել է Քըլըչը։
Նա հստակեցրել է, որ ենթակառուցվածքային նախապատրաստությունները գրեթե ավարտված են, սակայն մնում են տեխնիկական և վարչական ընթացակարգեր, ներառյալ անցակետերում անձնակազմի նշանակումը, հաղորդակցությունների միացումը և կազմակերպչական այլ հարցեր։
«Շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են, բայց անհրաժեշտ է ավարտին հասցնել ձևակերպումները։ Պետք է մարդկանց նշանակել, ապահովել ինտերնետ կապը և լուծել մի շարք տեխնիկական խնդիրներ», — պարզաբանել է նա։
Պատասխանելով հնարավոր քաղաքական խոչընդոտների մասին հարցին՝ Քըլըչն ընդգծել է, որ Թուրքիան կարգավորման քաղաքական կամք է հայտնել դեռևս 2022 թվականի օգոստոսին։ Նրա խոսքով՝ ընթացիկ դժվարությունները կրում են բացառապես տեխնիկական և բյուրոկրատական բնույթ։
Դրա հետ մեկտեղ նա հրաժարվել է կանխատեսել սահմանի բացման հստակ ժամկետները՝ նշելով, որ չի ցանկանում մոլորության մեջ գցել կոնկրետ ամսաթվերի վերաբերյալ։
Զրույցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը նաև կիսվել է Հայաստանում գտնվելու իր տպավորություններով՝ մատնանշելով ջերմ ընդունելությունն ու մթնոլորտը։ «Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը։ Եվ դա կատակ չէ», — հայտարարել է նա։