Փաշինյանն ու Սանչեսը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Լուսանկարը՝ primeminister.am
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Իսպանիայի կառավարությունների ղեկավարներն անցկացրել են երկկողմ բանակցություններ: Նիկոլ Փաշինյանի և Պեդրո Սանչեսի ուշադրության կենտրոնում են եղել տնտեսական գործակցության ընդլայնումն ու տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդներն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսության, էներգետիկայի ու զբոսաշրջության հեռանկարային ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Զրույցի առանձին թեմա են դարձել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում ընթացող գործընթացները:
Նիկոլ Փաշինյանն իր իսպանացի պաշտոնակցին հանգամանալից ներկայացրել է հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ շեշտելով օրենքի գերակայության ամրապնդմանն ու տնտեսական առաջընթացին ուղղված քայլերը:
Երկկողմ օրակարգին զուգահեռ՝ զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային առանցքային մարտահրավերները՝ հատուկ կարևորելով կայունության և տևական խաղաղության ապահովմանն ուղղված համատեղ ջանքերը, ինչպես նաև միջազգային հարթակներում շարունակական երկխոսության պահպանումը: