30.04.2026
Երևանում տեղի կունենա Միքայել Թարիվերդիևի երաժշտության երեկո
prev Նախորդ նորություն

Մակրոնի այցը Գյումրի կնշանավորվի բարեկամության համերգով

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կժամանի Գյումրի։ Այցի շրջանակներում քաղաքի Վարդանանց հրապարակում կանցկացվի «Երաժշտական կամուրջ» խորագրով միջոցառում՝ նվիրված հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանն ու բարեկամությանը։


Կառավարության ապրիլի 30-ի նիստի օրակարգի համաձայն՝ 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի շուրջ 393 միլիոն դրամ՝ համերգի կազմակերպչական ծախսերն ապահովելու նպատակով։


Այս մշակութային իրադարձությունը համընկնում է մայիսի 3-ից 5-ը Երևանում նախատեսված եվրոպական երկրների ղեկավարների գագաթաժողովի հետ։ Գյումրիի ընտրությունը որպես միջոցառման անցկացման վայր պայմանավորված է ինչպես Ֆրանսիայի նախագահի այցով, այնպես էլ 1988 թվականի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործում ֆրանսիական կողմի ցուցաբերած ծանրակշիռ աջակցությամբ և ֆրանսիական մշակույթի նկատմամբ քաղաքում առկա մեծ հետաքրքրությամբ։


Համերգային ծրագրում ընդգրկված են հայ և ֆրանսիացի արվեստագետներ, որոնք հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Կառավարության նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախաձեռնությունը կնպաստի Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը և 2027 թվականին երկրում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի հանրահռչակմանը։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next