Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճում տեղի ունեցավ լեգենդար ջազմեն Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ «60 տարի բեմում» խորագրով։ Երաժշտական երեկոն անցկացվեց «Jazz for Peace» նախագծի շրջանակում և դարձավ մշակութային կյանքի վառ իրադարձություն։
Համերգը մեկ բեմում համախմբեց համաշխարհային ջազի նշանավոր ներկայացուցիչների։ Ծրագրին մասնակցեցին ջազային վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար և վոկալիստ Ջոնի Բրիտը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը, հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը,ինչպես նաև դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը։ Մաեստրոյի հետ միասին նրանք ներկայացրին հագեցած և բազմաշերտ ծրագիր, որը միավորեց ջազային երաժշտության տարբեր դարաշրջաններ և ոճեր։
Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես աշխարհահռչակ ջազային և բլյուզային ստեղծագործություններ, որոնք դարձել են ժանրի դասականներ, այնպես էլ Գարի Քյոսայան՝ կոմպոզիտորի, դաշնակահարի և ժամանակակից ջազային ասպարեզի առանցքային ներկայացուցիչներից մեկի հեղինակային գործերը։
Համերգին առանձնահատուկ նշանակություն հաղորդեց դրա մարդասիրական առաքելությունը։ «Jazz for Peace» նախագիծը միտված էր երաժշտության լեզվով խաղաղության, սիրո և փոխըմբռնման գաղափարների տարածմանը։ Միջոցառումը համախմբեց պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի, բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հասարակությանը՝ դառնալով մշակութային երկխոսության և միջազգային համագործակցության հարթակ
Երեկոյին հատուկ հուզական խորություն հաղորդեցին մաեստրո Գարի Քյոսայանի
խոսքերը, որոնցում արտացոլվեց նրա ստեղծագործական փիլիսոփայությունն ու վերաբերմունքը հանդիսատեսի նկատմամբ․
«Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է։ Ես անսահման երախտապարտ եմ իմ հանդիսատեսին, որը ոգեշնչում է ինձ իր բարությամբ և էներգիայով։ Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում նաև իմ հովանավորներին, որոնք գնահատում և աջակցում են իմ արվեստը»։ Ապրիլի 27-ին մաեստրոն նշում է իր տարեդարձը։ Մաղթում ենք տոկուն առողջություն ու նորանոր ստեղծագործական հաջողություններ ։
Այս անկեղծ խոսքերը դարձան ողջ համերգի լեյտմոտիվը՝ ընդգծելով ոչ միայն ծրագրի բարձր գեղարվեստական մակարդակը, այլև նախագծի խոր հումանիստական առաքելությունը։ Դահլիճում տիրող միասնության, փոխադարձ հարգանքի և հոգևոր մտերմության մթնոլորտը ևս մեկ անգամ հաստատեց՝ մաեստրո Քյոսայանի երաժշտությունը պարզապես արվեստ չէ, այլ կենդանի երկխոսություն լսարանի հետ՝ լի լույսով և իմաստով։