27.04.2026
Լուսանկարը` armlur.am
prev Նախորդ նորություն

ՀԷՑ-ը լքել է հարկատուների թոփ-10-ը՝ չնայած վճարումների աճին

Լուսանկարը` banks.am
Լուսանկարը` banks.am

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով դուրս է մնացել երկրի խոշորագույն հարկատուների առաջին տասնյակից՝ չնայած պետական բյուջե ուղղված վճարումների փաստացի ավելացմանը 100 միլիոն դրամով։ Այս պատկերն արձանագրվել է խոշոր բիզնեսի հարկային մուտքերի ընդհանուր զգալի աճի և ազգային վարկանիշում առաջատարի փոփոխության ֆոնին։


Հունվար-մարտ ամիսների ընթացքում 1000 խոշորագույն ընկերությունները պետական գանձարան են մուտքագրել ընդհանուր առմամբ ավելի քան 459,2 միլիարդ դրամ, ինչը մոտ 49,9 միլիարդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (2025-ի առաջին եռամսյակում հավաքագրվել էր ավելի քան 409,3 միլիարդ դրամ): Այս համատեքստում հատուկ ուշադրության է արժանի ՀԷՑ-ի ցուցանիշը. թեև պաշտոնապես ընկերությունը 9-րդ տեղից իջել է 14-րդ հորիզոնական, բացարձակ թվերով այն պետբյուջե է փոխանցել 4,5 միլիարդ դրամ, ինչը 100 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երբ վճարումները կազմել էին 4,4 միլիարդ դրամ:


Ցանկը գլխավորել է էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը՝ պետբյուջե վճարելով 21,3 միլիարդ դրամ: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 16,5 միլիարդ դրամ, ինչն ընկերությանն ապահովել էր երկրորդ հորիզոնականը: Նախկին առաջատար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն նահանջել է երկրորդ տեղ՝ վճարելով 19,4 միլիարդ դրամի հարկ: Առաջատար եռյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 15,4 միլիարդ դրամ մասհանումով, ընդ որում, նախորդ տարվա առաջին եռամսյակում այս ձեռնարկությունը չէր ընդգրկվել անգամ 200 խոշորագույն հարկատուների ցանկում։


Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև «Գրանդ Տոբակո» (11,4 միլիարդ դրամ) և «Սոֆթ կոնստրակտ» (8 միլիարդ դրամ) ընկերությունները. վերջինս բարելավել է իր դիրքերը՝ բարձրանալով տասներորդ հորիզոնականից: Նրանց հաջորդում են Wildberries-ը ներկայացնող «ԻՄՎԲԱՄ» ընկերությունը (6,8 միլիարդ դրամ), «Դիջիթեյնը» (6,7 միլիարդ դրամ), «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» (6,3 միլիարդ դրամ), ինչպես նաև «Սիթի» սուպերմարկետների ցանցն ու հանքարդյունաբերական «Թեղուտ» ընկերությունը՝ յուրաքանչյուրը բյուջեն համալրելով 6,1 միլիարդ դրամով:

Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ
Հաջորդ նորություն next