ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչում և հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությունում՝ նվիրված Ցեղասպանության 111-րդ տարելիցին։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն հայեր՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն իրենց ազգային պատկանելության պատճառով։
«Հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական օրինակներից մեկը, որը 1948 թվականին հիմք հանդիսացավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ կոնվենցիայի ընդունման համար»,– նշված է հայտարարությունում։
ԱԳՆ-ն արձանագրում է, որ, չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին, 21-րդ դարում ևս շարունակվում են ռասայական և էթնիկ անհանդուրժողականության և ատելության դրսևորումները, որոնք հանգեցնում են զանգվածային հանցագործությունների։
Նախարարությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար ներգրավված լինելու նման հանցագործությունների նշանների հայտնաբերման, վաղ ահազանգման և կանխարգելման գործընթացներում։
ԱԳՆ-ն հիշատակում է նաև, որ Հայաստանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը ընդգրկվել է ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում՝ որպես ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Նշվում է նաև ՄԱԿ-ում վերջին տարիներին ընդունված համապատասխան բանաձևերի մասին։