22.04.2026
Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
prev Նախորդ նորություն

«Հրապարակ»․ Եվրամիության գաղտնի փաթեթը ՀՀ կառավարությանը՝ մայիսյան սամիթից առաջ

«Հրապարակ»-ի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ՝ մայիսի 4-5-ին Երեւանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի հետ կապված։ Փաստաթուղթը մի շարք փակագծեր է բացում եւ ի ցույց դնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական պատկերը: Այն, թե ինչ հուսահատ քայլերով են ՀՀ իշխանությունները փորձում սիրաշահել ԵՄ-ին եւ ինչպես են հնազանդորեն կատարում ամենաանհասկանալի առաջարկներն ու հրահանգները, եւ թե ԵՄ-ն ինչ խոնարհ ծառայություն է ակնկալում Հայաստանից:


Փաստաթղթում խոսվում է այն մասին, թե ինչպես պետք է ընթանա մայիսի սկզբին հրավիրված գագաթնաժողովը, եւ ինչ պետք է ասի ու անի հայկական կողմը, ինչպես պետք է իրեն պահի, ինչ հարցեր պետք է լուծի: Պարզ ասած` սա ուղեցույց է ՀՀ «ինքնիշխան» ղեկավարության համար, թե Եվրոպան ինչ է ակնկալում իրենից: Ճիշտ է` հիմնականում խորհրդատվության տեսքով է դա արվում, բայց նման փաստաթղթի գոյությունն ինքնին խոսում է այն անհավասար հարաբերությունների, այն տեր-ստրուկ կախվածության մասին, որ գործում է ԵՄ եւ ՀՀ իշխանությունների միջեւ: Փաստաթղթից ակնհայտ է դառնում, թե ինչքան է Եվրամիությունը կարեւորում երկու հարց` երկաթուղու հարցը, այն ամեն գնով ռուսական ընկերության ձեռքից խլելը եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանային անցակետերի փոխգործակցությունը` միջին միջանցքի համատեքստում։ ԵՄ-ն թվարկում է գագաթնաժողովի ընթացակարգը, անելիքները. մտադրությունների նամակների ստորագրում, նախահամաձայնագրեր համապատասխան ոլորտներում, Հայաստանի համար հավանական օգուտների ցանկ եւ այլն՝ առաջարկելով գործընկերային կապերի ամրապնդմանն ու ինտենսիվացմանն ուղղված քայլեր, օրինակ` տրանսպորտի, էներգետիկայի, թվային ոլորտներում, ժողովուրդների միջեւ կապեր, հայկական սփյուռքի ներգրավում, Թումո կենտրոնի ներգրավում թվային կրթության պրոցեսներում եւ այլն։


Փաստաթղթում, օրինակ, մի քանի տեղ ասվում է․ «Նախագահը կարող է հայտարարել․․․․․․․»․ խոսքը, ենթադրաբար, Հայաստանի նախագահի կամ ՀՀ ԱԺ նախագահի, կամ գագաթնաժողովը նախագահողի մասին է։ Այսինքն, անգամ նախագահին խոսքի ազատություն եւ իր ասելիքն ինքնուրույն որոշելու իրավունք չեն նախատեսում: «Հրապարակ»-ի տեղեկություններով, այս փաստաթուղթ-առաջարկի կազմմանը մասնակցել է ԵՄ բարձրաստիճան մի պաշտոնյա` Հոա-Բին Աջեմյանը, որը Հայաստանում պրոիշխանական որոշ բիզնեսմենների հետ սերտ կապեր ունի։ Նա տարիներ առաջ եղել է ՀՀ-ում գործող ԵՄ պատվիրակության գրասենյակում համագործակցության բաժնի ղեկավարը, այդ թվում` 18-ի «հեղափոխությանը» նախորդած շրջանում, եւ հաճախ հյուրընկալվել է ԵՄ պատվիրակության գրասենյակում։


Վերադառնալով ԵՄ-ի, այսպես կոչված, առաջարկների փաթեթին, ներկայացնենք դրա բովանդակությունը: Փաստաթղթում անդրադարձ կա էներգետիկ ոլորտին: Ըստ եվրոպացիների՝ Հայաստանի էներգետիկ ոլորտը բախվում է էլցանցի անկայունության մարտահրավերին, ինչը բարդացնում է վերականգնվող էներգիայի հետ կապված մեծ ներդրումները, հոսանքի արդյունավետ կառավարումն ու պահպանությունը, քանի որ մարտկոցային էներգիայի պահեստավորման համակարգը բացակայում է, եւ կարիք կա վերազինել ու մոդեռնիզացնել էլեկտրացանցը։ Եվրոպացի գործընկերներն իրենց օգնությունն են առաջարկում, ինչպես նաեւ՝ խորհուրդ են տալիս, թե նախագահը, սրա հետ կապված, ինչ ասի իր ճառում: Նաեւ այս ոլորտում մինչեւ 1 միլիարդ դոլարի ներդրումներ են խոստանում։


Առաջարկների փաթեթում անդրադարձ կա նաեւ թվային ոլորտին, արձանագրված են այս ոլորտում հայկական ընկերությունների գրանցած հաջողությունները, եւ որպես նպատակ նշված է՝ «Հայաստանի ինտեգրացիան եվրոպական թվային տնտեսությանը»։ Առաջարկում են համագործակցության մոդելներ եւ ֆոնդ, որտեղ կարելի է մոբիլիզացնել մոտավորապես 60 միլիոն եվրո կապիտալ։ Այս բաժնում նշվում են ոլորտում հայտնի մի շարք կազմակերպությունների անուններ, որոնց մեջ նաեւ NVIDIA-ն է․ վերջինի փոխնախագահն օրեր առաջ Երեւանում էր` հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաստաթղթում` գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների համատեքստում խոսվում է նաեւ, մարտից սկսած, Հայաստան ժամանող մարդկանց մասին։ Հիշատակվում է նաեւ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որի տնօրենն իշխանությունների հետ սերտորեն համագործակցող եւ Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանն է։ Նա նաեւ Փաշինյանի հետ Կիրանցի պատի մոտ էքսկուրսիա գնացածների խմբի մեջ էր:


ԵՄ գործընկերները չեն անտեսել նաեւ հայկական սփյուռքը` իր կայացած կազմակերպություններով, ինչպես, օրինակ, AGBU-ն` Հայ բարեգործական միությունը: Նշված է, որ հայկական սփյուռքը` Եվրոպայում ունեցած ուժեղ համայնքներով ու բիզնեսներով, մշակույթի, հանրային քաղաքականության ոլորտներում իր ակտիվությամբ Հայաստանի ամենակարեւոր ռազմավարական հարստություններից է, իսկ AGBU-ն ունի կրթության, ձեռնարկատիրական աջակցության ու միջազգային համագործակցության երկարատեւ պատմություն։ ԵՄ-ի ու AGBU-ի միջեւ համագործակցությունը կօգներ ավելի համակարգված մոբիլիզացնել սփյուռքը եւ ուժեղացնել կապերը Հայաստանի ու Եվրոպայի միջեւ։ Եվ սփյուռքը կարող էր դառնալ կամուրջ Հայաստանի ու Եվրոպայի միջեւ։ Ի դեպ, ՀԲԸՄ-ն 2023-ին հայտարարություն էր տարածել Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելու, իսկ անցած տարի կոչ էր ուղղել ՀՀ իշխանություններին՝ եկեղեցու ինքնավարությունը հարգելու մասին: ԵՄ-ի փաստաթուղթ-առաջարկների փաթեթում տեղ է գտել նաեւ Թումո կենտրոնի ու Դիլիջանի միջազգային քոլեջի հետ հնարավոր համագործակցության թեման։ Գրված է, որ ցանկություն ունեն օգտվել Թումոյի փորձից, իսկ Դիլիջանի միջազգային քոլեջը` չլուծված կոնֆլիկտներով տարածաշրջանում, կարող է երկխոսության խրախուսման գործում ռազմավարական դեր խաղալ եւ հաջորդ սերնդին խաղաղ համագործակցության պատրաստել։


Այժմ անդրադառնանք այս փաստաթուղթ-առաջարկների փաթեթի ամենակարեւոր 2 կետին.


1․ «Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանային անցակետերի ռեաբիլիտացիա, հատուկ ուշադրություն տվյալների փոխանակման վրա (e-custom, e-freight), որպեսզի կառուցվի արդյունավետ ու ինտեգրացված միջին միջանցք։ Որպեսզի միջին միջանցքը ծաղկի ու դիմակայուն լինի եւ ամբողջությամբ ինտեգրվի տարածաշրջանային երկաթուղային եւ ճանապարհային ցանցին` «նվազեցնելով ռուսական ազդեցությունը»՝ ասվում է փաստաթղթում։ Եվ խորհուրդ են տալիս, թե ինչ կարող են հայերը հայտարարել, եւ թե ինչին կօգնեն այդ հայտարարությունները, օրինակ` «․․․․կօգնի ներգրավել ԵՄ մասնավոր ներդրումներ»։


2․ Եվ, իհարկե, երկաթուղու թեման, որը դամոկլյան սրի պես կախում են Հայաստանի գլխին։ Առաջարկների փաստաթղթում հստակ` սեւով սպիտակի վրա գրված է․ ՀՀ-ն պիտի պարտավորվի վերացնել ռուսական մոնոպոլիան ու վերաազգայնացնել երկաթուղին։


Այս թեմային բավականին լայն անդրադարձ են արել: Օրինակ, գրում են՝ Հայաստանի երկաթուղային ցանցը ներկայում գործում է Հարավկովկասյան երկաթուղու (Ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկություն) տրված 30-ամյա (2008-2038) կոնցեսիոն համաձայնագրի միջոցով։ Ռուսական ազդեցությունը կրճատելու, ԵՄ ներգրավվածությունը մեծացնելու եւ ԵՄ պոտենցիալ ներդրումներ ներգրավելու, ինչպես նաեւ՝ ԵՄ տրանսպորտային պահանջներին հնարավորինս մոտենալու համար մի շարք առաջարկներ են անում: Օրինակ, ապամոնտաժել ազգային երկաթուղու մոնոպոլիան` առանձնացնել ռելսերի, ռելսագնացների ընկերությունն ու ընդհանուր կառավարումը։ Այս մոտեցումը, ըստ ԵՄ-ի, կկրճատի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, նոր հնարավորություններ կբացի, ինչպես, օրինակ, ներդրումներ երկաթուղային ցանցերի լրացուցիչ սեգմենտներում (կոնցեսիոն կղզյակ), որպեսզի Հայաստանի երկաթուղային համակարգն ինտեգրվի տարածաշրջանայինին (Ադրբեջան եւ Թուրքիա), միեւնույն ժամանակ հեռու պահելով ռուսական երկաթուղային օպերատորին ռեաբիլիտացված ուղուց (Եվրաթունելի մոդելով): Եվրոպացի գործընկերները չեն մոռացել հիշեցնել, որ սրա համար Հայաստանից, հավանաբար, կպահանջվի կոմպենսացիա վճարել ռուսական ընկերությանը։ Խոսվում է նաեւ այն մասին, որ փոփոխությունների ինչ-որ փուլում Հայաստանը կարող է փոխանցել ենթակառուցվածքի կառավարումը ռուսական ընկերությունից որեւէ անկախ միավորի։ Ըստ ԵՄ գործընկերների՝ այս փոփոխությունը կստեղծի նպաստավոր միջավայր՝ ԵՄ ստանդարտներին համապատասխան ներդրումների համար։


Այս ամենում ԵՄ-ի շահն ակնհայտ է, բայց անհասկանալի է մնում, թե որտեղ է ՀՀ-ի շահը։ Մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ ներդրումների եւ օգնության նախկին խոստումները ԵՄ-ն դեռ չի կատարել: Եվ արդյո՞ք Հայաստանն ունի այնքան ռեսուրս, որ կարողանա կտրուկ հրաժարվել ՀՀ-ՌԴ հարաբերություններից ու համագործակցությունից` դրանից բխող բոլոր տնտեսական հետեւանքներով հանդերձ:


 


 


 

Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար
Հաջորդ նորություն next
 Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»
21.04.2026
Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»