21.04.2026
Հայաստան հարցվածների 60%-ը դատախազությանը համարում է կոռումպացված
prev Նախորդ նորություն

Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում

Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր «կանաչ լույս» վառեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ, գրում է «Ազատությունը»։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։


Այն գործուղելու համար Հայաստանը Եվրամիությանը խնդրանքով դիմել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Բրյուսելում և Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո դաշինքի դեսպաններն անցյալ շաբաթ միաձայն կողմ քվեարկեցին առաքելությունը ստեղծելու առաջարկին:


Նախապատմություն. EUPM Armenia-ն էապես կփոխարինի Հայաստանում ԵՄ մեկ այլ՝ 2023 թվականին ստեղծած EUMA անվանումով առաքելությանը, որը ստեղծվել էր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը դիտարկելու, վստահության ամրապնդմանը նպաստելու համար։ Դրա չորսամյա մանդատն ավարտվում է 2027 թվականի սկզբին։ Այն ունի ավելի քան 200 անդամ և ստեղծվել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու, պարեկության ու հաշվետվությունների միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակցելու համար:


Նոր առաքելությունը, մինչդեռ, ակնկալվում է, որ կունենա ընդամենը 20-30 ներկայացուցիչ, որոնք հիմնականում կաշխատեն Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ՝ մայրաքաղաքում:


EUPM Armenia-ն որևէ կապ չի ունենա Ադրբեջանի հետ, չնայած առաքելությանը վերաբերող ԵՄ նախորդ փաստաթղթերից մեկում, որը տեսել է «Ազատություն» ռադիոկայանը, նշվում էր, որ Բրյուսելը «կշարունակի իր շփումները Ադրբեջանի հետ՝ բացատրելու ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նպատակը և ընթացիկ խաղաղության գործընթացին բացասական ազդեցությունից խուսափելու անհրաժեշտությունը»:


 


 

Սիմոնյանը ֆրանսիական պատվիրակության հետ խոսեց Բաքվում պահվող գերիների խնդրին
Հաջորդ նորություն next
 Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»
21.04.2026
Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»