20.04.2026
Լուսանկարը` yerevan.am
prev Նախորդ նորություն

Դատարանը երկարաձգեց ՀԷՑ-ի բաժնեմասի վաճառքի ժամկետը՝ հօգուտ «Տաշիրի»

Լուսանկարը` 168.am
Լուսանկարը` 168.am

ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ կառավարության՝ ընկերությանը հնարավորություն ընձեռելով մինչև 2026 թվականի մայիսի 25-ը փոխհամաձայնեցված կարգով օտարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի իր 70 տոկոս բաժնեմասը։


Դատական ատյանն անթույլատրելի է համարել ընկերությանը գույքի օտարման բանակցություններից զրկելը՝ կառավարության կողմից փոստային ծանուցման բյուրոկրատական ուշացման պատճառով։


Դատական վեճը ծագել էր ՀԷՑ-ի բաժնետոմսերի օտարման գործընթացի շուրջ այն բանից հետո, երբ 2025 թվականի նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց ընկերության՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։ Դրանից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բաժնետերերին առաջարկել էր 100 տոկոս բաժնետոմսերն օտարել պետությանը՝ պատասխանի համար սահմանելով վերջնաժամկետ մինչև 2026 թվականի փետրվարի 21-ը։ Սահմանված ժամկետում պատասխանի բացակայությունը գերատեսչությունը մտադիր էր դիտարկել որպես գործարքից հրաժարում։


Խնդիրն այն էր, որ նախարարության պաշտոնական գրությունը «Տաշիր Կապիտալին» հասել էր միայն փետրվարի 25-ին՝ սահմանված վերջնաժամկետի ավարտից չորս օր անց։ Արդյունքում՝ բաժնետերը ֆիզիկապես զրկվել էր իր դիրքորոշումը հայտնելու, բանակցելու և գույքը պետությանը կամավոր օտարելու հնարավորությունից։


Դատավոր Արթուր Ավագյանը վճռել է, որ պարտավորությունների կատարման ժամկետներն սկսում են գործել միայն կողմի պատշաճ ծանուցման պահից։ Հակառակ մեկնաբանությունը, ըստ դատարանի, խախտում է իրավական որոշակիության և արդարության սկզբունքները։


«Իրավաբանական տեսանկյունից նման ժամկետը համարվում է ոչ արդյունավետ և չի կարող հանգեցնել իրավունքների կորստի։ Նման պայմաններում ընկերությունը չի կարող կրել բացասական իրավական հետևանքներ, իսկ վարչական մարմնի կողմից հակառակ դիրքորոշումը հակասում է սեփականության իրավունքի սահմանադրական պաշտպանությանը»,- արձանագրված է դատարանի վճռում։


Դատարանը նաև փաստել է, որ ստեղծված հանգամանքներում պետության կողմից առավել խիստ միջոցների, այդ թվում՝ ակտիվների հարկադիր օտարման կիրառումը կգնահատվի որպես սեփականության իրավունքին ոչ համաչափ և վաղաժամ միջամտություն։ Բացի այդ, դատական լսումների ընթացքում կառավարության ներկայացուցիչները ժամկետների հաշվարկի վերաբերյալ իրավական հակափաստարկներ չեն ներկայացրել, ինչը դատարանի կողմից դիտարկվել է որպես հայցվորի մատնանշած փաստերի ընդունում։

Լուսանկարը` sputnik
Հաջորդ նորություն next