Եկամուտների հայտարարագրման նպատակը հասցեական աջակցությունն է. Փաշինյան
Լուսանկարը` primeminister.am
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը հաճախ անհիմն վարկաբեկվում է, սակայն այս բարեփոխման գլխավոր նպատակը կարիքավոր քաղաքացիներին ճշգրիտ թիրախավորելն ու նրանց պետական աջակցություն տրամադրելն է։
Այս մասին ապրիլի 18-ի կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրի ղեկավարի խոսքով՝ հանրության շրջանում համակարգի դեմոնիզացում է տեղի ունենում, մինչդեռ պետք է մարդկանց հստակ բացատրել, որ նոր մեխանիզմը կոչված է ճանաչելու խոցելի խավերին և օժանդակությունը ճիշտ հասցեատերերին ուղղելուն։
Որպես սոցիալական անարդարության օրինակ՝ վարչապետը հիշեցրել է նախկինում արձանագրված դեպքերը, երբ պետական նպաստներից օգտվում էին թանկարժեք ավտոմեքենաներ, մասնավորապես՝ «Mercedes G-Class» վարող անձինք։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկը պարզապես նպաստ է ստացել, այլ այն, որ նման անտրամաբանական բաշխման պատճառով պետությունը զրկվել է ծայրահեղ կարիքի մեջ գտնվող քաղաքացիներին ավելի շատ ու որակյալ ծառայություններ մատուցելու հնարավորությունից։