Կառավարությունը 900 մլն դրամ կհատկացնի պարարտանյութի գնաճը մեղմելու համար
Լուսանկարը` sputnik
Իրանից ներմուծման ծավալների կրճատման և ազոտական պարարտանյութերի կտրուկ թանկացման ֆոնին՝ Հայաստանի կառավարությունը որոշել է ֆինանսապես աջակցել գյուղացիական տնտեսություններին։ 2026 թվականի համար պետությունը կհատկացնի շուրջ 900 մլն դրամ՝ գյուղատնտեսական աշխատանքների եկամտաբերությունն ապահովելու նպատակով։
Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի ապրիլի 18-ի նիստում։ Ըստ կառավարության հիմնավորման՝ եթե սեզոնին ազոտական պարարտանյութի գինը տատանվում էր 6500-ից 8000 դրամի սահմաններում, ապա ապրիլի առաջին տասնօրյակում այն աճել է ևս 3000 դրամով։ Պատկան մարմինները նշում են, որ նման գնաճի պայմաններում գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում է ոչ արդյունավետ։ Նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ ընթացիկ տարվա համար պահանջվում է 21 հազար տոննա ազոտական պարարտանյութ։ Դրանից 5000-6000 տոննան արդեն իսկ ձեռք է բերվել, և այժմ անհրաժեշտություն կա ապահովելու մնացած 15 հազար տոննայի հասանելիությունը։
Պետական աջակցության ծրագրից կկարողանան օգտվել այն շահառուները, որոնց մշակվող հողատարածքը չի գերազանցում 30 հեկտարը։ Սուբսիդավորման մեխանիզմը կգործի հետևյալ սկզբունքով. պետությունը կփոխհատուցի 50 կիլոգրամանոց մեկ պարկի շուկայական վաճառքի գնի և 8000 դրամի միջև եղած տարբերությունը, սակայն յուրաքանչյուր պարկի համար տրամադրվող փոխհատուցումը չի կարող գերազանցել 3000 դրամը։
Նախագծով նաև հստակեցվում է, որ գյուղացիները պետք է գնումներ կատարեն բացառապես նախարարության կողմից հրապարակված ցանկում ներառված մատակարարներից։ Միևնույն ժամանակ, վաճառվող պարարտանյութի որակի համար ողջ պատասխանատվությունը կրելու են հենց մատակարար ընկերությունները