Ընդդիմությանն անհրաժեշտ է հետևողական աշխատանք, ոչ թե ցուցադրություն
Եթե ընդդիմությունը ներկայանում է միասնական հանրահավաքով, ապա այն պետք է ունենա միանգամայն հետեւողական, համակարգված, տրամաբանական, եւ ամենից էականը՝ աճող, որպես գործողություն հարաճուն շարունակություն:
Հակառակ պարագայում, այդ հանրահավաքը բումերանգի էֆեկտ է ունենալու հետագայում ընտրողների հետ առանձին-առանձին աշխատանքի համար: Իշխանության քարոզչությունը միասնական հանրահավաքը անմիջապես ծառայեցնելու է իր քարոզչության գլխավոր նարատիվներից մեկին, որ՝ բոլոր ընդդիմադիր ուժերը կամ առաջատարները, նույն բանն են եւ ընդամենը «նախկինների ռեւանշի» հերթական մի փորձ են:
Հանրությունը շատ ավելի պատրաստ է գնահատել իրական պատկերի վրա հիմնված հետեւողական աշխատանքը, քան ցուցադրությունները մի բանի, որը չունի գործնական եւ խորքային ամուր հիմք: Իսկ այդ հիմքը չկա, եւ պետք չէ՝ թե իրար խաբել, թե խաբել հանրությանը, կամա, թե ակամա:
Ընդ որում, մեծ հարց է՝ վա՞տ է, որ չկա այդ հիմքը, թե՞ լավ: Կա իրողություն, որի վրա հիմնված էլ պետք է աշխատել: Ավելին, թերեւս՝ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ աշխատել, որովհետեւ ընդդիմության ուժերը կարծես թե աշխատում են հենց այդ տրամաբանությամբ: Պետք չէ շեղվել դրանից, պետք է պարզապես ամեն հաջորդ օր փորձել բարձրացնել դրա արդյունավետությունը:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան