15.04.2026
Մենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում հարկային ոլորտում

Կառավարությունը նախաձեռնել է հարկային վարչարարության առանցքային բարեփոխումներից մեկը, որը ձեւավորվել է վերջին մեկ տարվա ընթացքում պետություն-մասնավոր հատված համապարփակ համագործակցության արդյունքում: Այս մասին ԱԺ ապրիլի 14-ին գումարված հերթական նիստում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները՝ կից փաթեթով:


Նրա խոսքով բարեփոխումների նպատակն է ամրապնդել պետություն-հարկ վճարող փոխվստահությունը, ընդլայնել հարկ վճարողների լսված լինելու իրավունքը, խթանել կամավոր կարգապահությունը եւ առավել թիրախային պայքար մղել հարկային հանցագործությունների դեմ:


ՊԵԿ նախագահը նշել է, որ փոփոխություններ են նախատեսվում երեք օրենսգրքերում՝ Հարկային, Քրեական եւ Քրեական դատավարության:


Ըստ այդմ՝ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում Պետական եկամուտների կոմիտեն անմիջապես հաղորդում չի ներկայացնի իրավապահ մարմիններին: Նախ տեղեկատվությունը կվերլուծվի ներքին գործիքակազմով, եւ հարկ վճարողը կծանուցվի՝ հիմնավոր պարզաբանումներ ներկայացնելու նպատակով: Եթե հիմնավոր բացատրություններ չներկայացվեն, հարկային մարմինը թեմատիկ ուսումնասիրությամբ կարձանագրի իրավախախտումը եւ կկազմի վարչական ակտ, որը կարող է բողոքարկվել սահմանված ընթացակարգով: Միայն դրանից հետո կքննարկվի քրեական հաղորդում ներկայացնելու հարցը:


Բացառություն կկազմեն անհապաղ միջամտություն պահանջող դեպքերը, երբ առկա է ապացույցների կորստի վտանգ: Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է վերանայել նաեւ թեմատիկ ուսումնասիրությունների սահմանափակումները՝ հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում տարվա ընթացքում իրականացնել մեկից ավելի ուսումնասիրություն:


Ակնկալվում է, որ տարեկան շուրջ 600 նախնական հաշվարկներից առնվազն կեսը կանցնի վարչական գործընթացով՝ ապահովելով հարկ վճարողների լսվելու իրավունքի լիարժեք իրացում:


Քրեական օրենսգրքում, ըստ Էդուարդ Հակոբյանի, կվերանայվեն հարկային հանցագործությունների շեմերը: Ներկայում խոշոր չափ է համարվում 10 մլն դրամը, իսկ առանձնապես խոշոր՝ 20 մլն դրամը: Նախագծով առաջարկվում է խոշոր չափի շեմը բարձրացնել մինչեւ 30 մլն դրամ, երկու հաջորդող տարվա համար՝ մինչեւ 45 մլն դրամ, առանձնապես խոշոր չափի շեմը բարձրացնել մինչեւ 50 մլն դրամ, երկու հաջորդող տարվա պարտավորությունների դեպքում՝ մինչեւ 75 մլն դրամ:


Այս փոփոխությունների արդյունքում շուրջ 600 քրեական գործ կարող է ապաքրեականացվել՝ հարկ վճարողների համաձայնության դեպքում: Բացի այդ, առանձնապես խոշոր չափի դեպքում հանցագործության դասակարգումը ծանրից կդառնա միջին ծանրության:


Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված քրեական վարույթների ընթացքում կիրառվող արգելադրումների հետ:


Նախատեսվում է գույքի արգելադրման փոխարեն ներդնել այլընտրանքային մեխանիզմներ՝ բանկային երաշխիքների տրամադրում: Գործող օրենսդրությունը նման հնարավորություն չի նախատեսում: Ըստ նախաձեռնողների՝ գույքի արգելադրումը հաճախ խաթարում է տնտեսավարողների գործունեությունը եւ առաջացնում հավելյալ ծախսեր: Առաջարկվում է նաեւ որպես երաշխիք ընդունել արժեթղթեր՝ բաժնետոմսեր եւ պարտատոմսեր, ինչը հնարավորություն կտա հարկ վճարողներին շարունակել ստանալ եկամուտներ մինչեւ քրեական վարույթի ավարտը:


Նախագծով նախատեսվում է նաեւ հնարավորություն՝ վարույթի ընթացքում, հսկող դատախազի հաստատմամբ եւ քննիչի կամ դատարանի որոշմամբ, արգելադրված գույքն ազատել արգելանքից, եթե ներկայացվում է համարժեք բանկային երաշխիք կամ արժեթուղթ:


Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն հարկային ոլորտում իրավական հստակության բարձրացմանը, գործարար միջավայրի կայունությանը եւ պետություն-մասնավոր հատված կառուցողական երկխոսության ամրապնդմանը:


Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հարակից ելույթում նշել է, որ նախագիծը երկար քննարկվել է ինչպես Կառավարության, այնպես էլ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Նրա գնահատմամբ սա երկար սպասված բարեփոխումների փաթեթ է:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին