Երևանի քաղաքապետարանը հայտնում է հանրային տրանսպորտում վճարումների թվի աճի մասին
Լուսանկարը` jam-news.net
Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձի գանձման վերահսկողության խստացումը հանգեցրել է մուտքերի էական աճի, սակայն միաժամանակ սրել է ուղևորների և վարորդների միջև հակամարտությունները: Քաղաքապետարանը խոստանում է պատժել օրինախախտներին և կոչ է անում քաղաքացիներին աջակցել վարորդներին։
Նախորդ շաբաթվա տվյալներով Երևանի հանրային տրանսպորտում վալիդացիաների թիվն աճել է 15-30 տոկոսով։ Ինչպես ապրիլի 13-ին կայացած գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այս դրական տեղաշարժը ապրիլի 6-ին տրված հանձնարարականի արդյունքն է, որով վարորդներին պարտավորեցրել էին անձամբ վերահսկել ուղեվարձի հավաքագրման գործընթացը։
Նոր կանոնները, սակայն, լուրջ լարվածություն են առաջացրել երթուղիներում։ Քանի որ վճարումն իրականացվում է առջևի դռնով բարձրանալիս, վարորդները նախընտրում են ուշացնել հետևի դռների բացումը, ինչը հարուցում է իջնող ուղևորների դժգոհությունը և վերածվում լեզվակռիվների։ Իրավիճակն ավելի է բարդանում որոշ քաղաքացիների՝ նոր սակագնով (2025 թվականից՝ 150 դրամ՝ նախկին 100-ի փոխարեն) վճարելուց հրաժարվելու պատճառով։
Անցած շաբաթ լարվածությունը հանգեցրել է նաև ֆիզիկական բախումների. գրանցվել է վարորդի վրա հարձակման լուրջ միջադեպ։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է երեք անձ, ևս մեկը ներգրավված է գործում: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ մեղավորները խստագույնս պատժվելու են՝ հավելելով, որ նման արարքներն ուղղված են ոչ միայն անհատի, այլև ամբողջ քաղաքային համակարգի դեմ։
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարորդներին դրսևորած զսպվածության համար և խիստ քննադատության ենթարկել վճարումից խուսափողներին՝ անընդունելի համարելով նրանց ագրեսիվ պահվածքը։ Նա կոչ է արել բարեխիղճ քաղաքացիներին աջակցել վարորդներին այս անցումային շրջանում՝ վստահեցնելով, որ համակարգում կարգապահության հաստատումը թույլ կտա ապագայում ներկրել նոր տրանսպորտային միջոցներ և ապահովել որակյալ սպասարկում մայրաքաղաքում։