Հայաստանն ու Ֆրանսիան ամրապնդում են համագործակցությունը
Ապրիլի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության` Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերությունների և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուայի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա օրակարգային հարցերին, միջազգային կառույցներում և մասնավորապես Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ակտիվ համագործակցությանը։
Դեսպանը ներկայացրել է 2027թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը` վերահաստատելով Ֆրանկոֆոնիայի հոբելյանական խաղերը Երևանում բարձր մակարդակով հյուրընկալելու Հայաստանի հանձնառությունը։ Երկուստեք ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի խաղերի կարևորությունը՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի և արժեքների տարածմանն ու ֆրանսերենի զարգացմանը նպաստող կարևոր միջոցառում։
Մտքեր են փոխանակվել այս տարի Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքների և հնարավոր համագործակցության վերաբերյալ: Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Համաժողովի կազմակերպման հարցում ՀՀ տեսլականը՝ ուղղված կենսաբազմազանությանն առնչվող քննարկումներում բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք և բովանդակային մասնակցության ապահովմանը:
Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը՝ ընդգծելով դրա հետագա ամրապնդման կարևորությունը: