9.04.2026
Խորապես վշտացած ենք Լիբանանում հարյուրավոր զոհերի մասին լուրերից․ ՀՀ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՔՊ անդամ լինելը ինդուլգենցիա չէ. Փաշինյանը՝ նախկին թիմակիցների մասին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանում արդարադատությունը գործում է անկախ քաղաքական պատկանելությունից, իսկ իշխող կուսակցության անդամ լինելը որևէ մեկին անձեռնմխելիություն չի տալիս։ Այս մասին ապրիլի 9-ի ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընտրովի արդարադատության և նախկին թիմակիցների դեմ հարուցված քրեական գործերին։


Վարչապետի խոսքով՝ հաճախ իրավիճակ է ստեղծվում, երբ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությանը կամ իշխանական թիմին մերձավոր անձանց թվում է, թե իրենք ինդուլգենցիա (մեղքերի թողություն) ունեն և կարող են անպատիժ կաշառք վերցնել կամ անձնական բիզնեսով (օրինակ՝ անասունների ներմուծմամբ ու արտահանմամբ) զբաղվել՝ օգտագործելով քաղաքական դիրքը։


«Արդարադատությունը Հայաստանում աշխատում է և՛ կառավարող կուսակցության ներկայացուցիչների, և՛ այլ անձանց հանդեպ։ Մարդիկ սկսում են ամբիոններից կուրծք ծեծել ոչ թե այն պատճառով, որ ընդդիմադիր են դարձել ու դրա համար դատվում են, այլ ընդհակառակը՝ նրանք ընդդիմադիր են դառնում այն ժամանակ, երբ դատվում են»,- ընդգծեց Փաշինյանը։


Կառավարության ղեկավարը նկատեց, որ շատերը ժամանակին հավատարմության երդումներ էին տալիս՝ հույս ունենալով, որ դա իրենց կազատի պատասխանատվությունից, սակայն երբ բախվում են օրենքի ուժին, անմիջապես փոխում են իրենց քաղաքական ճամբարը՝ ներկայանալով որպես քաղաքական հալածյալներ։


Անդրադառնալով իշխող ուժի ապագա ծրագրերին՝ վարչապետը հիշեցրեց, որ քաղաքական օրակարգային հարցերը ներառվելու են ՔՊ նախընտրական ծրագրում և հանձնվելու են ժողովրդի դատին, և առաջիկա ընտրություններն ունենալու են կոնկրետ հետևանքներ։


Պատասխանելով նախկին թիմակիցներից մեկի կուսակցական պատկանելության և թիմում ունեցած դերի վերաբերյալ լրագրողի ճշտող հարցին՝ Փաշինյանը նշեց, որ տեղյակ չէ նրա ֆորմալ կարգավիճակից, սակայն վստահեցրեց, որ տվյալ անձն այս պահին կուսակցությունում որևէ ձևով և որևէ աշխատանքի մեջ ներգրավված չէ։

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին