Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է բանակում տիրող խնդրահարույց իրավիճակի վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ Զինված ուժերը, ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ սպառազինության և պաշտպանունակության տեսանկյունից, երբեք այսպիսի լավ վիճակում չեն եղել։ Այս մասին կառավարության ղեկավարը նշեց ապրիլի 9-ի ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Լրագրողը հիշեցրեց իշխող թիմի պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հայտարարություններն այն մասին, որ իրենք «վարչապետով են վախեցնում» թիմակիցներին, ինչպես նաև մեջբերեց Սարգսյանի կողմից բանակի հասցեին հնչեցրած մեղադրանքները։
Ի պատասխան՝ վարչապետը հրաժարվեց մեկնաբանել թիմակիցների՝ «վախեցնելու» մասին հայտարարությունները՝ կենտրոնանալով բացառապես բանակի խնդիրների վրա։ Փաշինյանը նշեց, որ մարզային այցելությունների ժամանակ տասնյակ քաղաքացիներ են մոտենում իրեն՝ շնորհակալություն հայտնելու բանակում ընթացող բարեփոխումների համար։
«Հայաստանի բանակը և՛ սննդի, և՛ հագուստի, և՛ սպառազինության, և՛ բարոյահոգեբանական վիճակի, և՛ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել։ Մնացածը ով ինչ քաղաքական նկատառումով կասի, ինձ համար կարևոր են զինվորները և նրանց ծնողների արձագանքը»,- ընդգծեց վարչապետը։
Նա ընդունեց, որ բանակում, ինչպես ցանկացած այլ ոլորտում, կան խնդիրներ, սակայն վստահեցրեց, որ կառավարությունն ու Պաշտպանության նախարարությունը հետևողականորեն իրագործում են բանակի կերպափոխման հայեցակարգը։ Անդրադառնալով քննադատական հայտարարություններին՝ Փաշինյանը նկատեց, որ դրանք հաճախ հիմնված են լինում սխալ փաստերի վրա, և կոչ արեց այդ հայտարարությունների հեղինակներին ունենալ քաղաքական կամք՝ ընդունելու իրենց սխալը։ «Դուք կտեսնեք՝ ինչ է տեղի ունեցել բանակում մայիսի 28-ին և ձեր գնահատականները կտաք»,- հավելեց նա:
Խոսելով անվտանգության մասին՝ վարչապետը վերահաստատեց իր այն թեզը, որ անվտանգության ամենահուսալի երաշխիքը խաղաղությունն է: «Եթե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն են կնքում, դրանով նրանք անվտանգության լծակ են ստեղծում նաև դիմացինի համար: Որքան լայն է տարածաշրջանային անվտանգության ընկալումը, այնքան լավ»,- նշեց Փաշինյանը: