7.04.2026
Լուսանկարը` ՌԲԿ
prev Նախորդ նորություն

Կարևոր քայլ է, բայց բավարար չէ. Ալիևը Թբիլիսիում խոսել է ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրերը կարևոր քայլ են, սակայն դա բավարար չէ․ անհրաժեշտ է ուժեղացնել յուրաքանչյուր հաջորդ քայլը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսի կատարած պետական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։


«Հատկապես ուզում եմ ընդգծել, որ Վրաստանը չափազանց կարևոր դեր է խաղում։ Պարո՛ն վարչապետ, դուք խոսեցիք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մասին։ Մեր ստորագրած համաձայնագրերը կարևոր քայլ են, բայց դա բավարար չէ, անհրաժեշտ է ամրապնդել յուրաքանչյուր հաջորդ քայլը։ Այս հանդիպումներն ու այցելություններն ուղղված են հենց այդ նպատակին հասնելուն։ Հայաստանի հետ երկխոսությունը մենք սկսել ենք Վրաստանի միջնորդությամբ, և ես երախտապարտ եմ Վրաստանի կառավարությանն այս աջակցության համար»,- նշել է նա։


Իլհամ Ալիևի խոսքով՝ երկար տարիներ Ադրբեջանն էներգետիկ անվտանգության ապահովման հարցում հուսալի գործընկեր է եղել բազմաթիվ երկրների և ժողովուրդների համար։ Նրա խոսքով՝ այսօր ադրբեջանական բնական գազն արտահանվում է 16 երկիր, և այդ արտահանումը սկսվում է Վրաստանից։


«Այսօր մենք քննարկել ենք նոր հնարավորություններ և նոր ներդրումային ծրագրեր ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Վրաստանում։ Հնարավոր է դիտարկել համատեղ ներդրումներ երրորդ երկրներում։ Մենք քննարկել ենք մասշտաբը, տարածաշրջանային անվտանգությունը և ընթացիկ իրավիճակը։ Այսօրվա հանդիպումը բացառություն չէր։ Մենք անդրադարձանք նաև Հարավային Կովկասում ստեղծված նոր իրականությանը։ Տարածաշրջանի երկրները պետք է շարունակեն կողմնորոշված մնալ դեպի խաղաղություն, կայունություն և անվտանգություն, քանի որ այդ սկզբունքները խախտվում են աշխարհի շատ մասերում, բայց մեր տարածաշրջանում դրանք պետք է մնան անսասան։ Չպետք է լինեն կորուստներ, և նման իրադարձությունները չպետք է անդրադառնան մեր տարածաշրջանի վրա։ Մենք հանդես ենք գալիս որպես խաղաղության, կայունության և համագործակցության տարածաշրջան»,- հավելել է նա։


Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին ուշադրություն էր հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացիկ խաղաղության գործընթացի վրա՝ ողջունելով այն։


«Մենք ևս մեկ անգամ ցանկանում ենք ողջունել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացիկ խաղաղության գործընթացը։ Վրաստանը հաստատապես աջակցում է խաղաղ համակեցությանը, կառուցողական համագործակցությանը և տարածաշրջանում նոր նախաձեռնություններին։ Անհրաժեշտության դեպքում մենք միշտ պատրաստ ենք մեր դրական ներդրումն ունենալ այդ հարաբերությունների զարգացման գործում։ Մենք պատրաստ ենք նպաստել երկխոսությանը և խաղաղության գործընթացին։ Մեր երկրների համագործակցությունը Հարավային Կովկասում նոր հեռանկարներ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար»,- ընդգծել է Կոբախիձեն։


Վրացական կառավարության ղեկավարը նաև նշել է, որ նկատվում են գլոբալ քաղաքական փոփոխություններ, և այդ փոփոխություններն էլ ավելի են մեծացնում «Միջին միջանցքի», այդ թվում՝ Սև ծովի և Հարավային Կովկասի՝ որպես ռազմավարական տարածքի նշանակությունը։


«Մեր երկրները, որպես Ասիան և Եվրոպան միացնող կամուրջներ, առանցքային դեր են խաղում փոխկապակցվածության տեսանկյունից, և այս համատեքստում մենք հատուկ նշանակություն ենք տալիս տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը։ Վրաստանն ու Ադրբեջանը բազմիցս ապացուցել են, որ հուսալի և պատասխանատու գործընկերներ են, այդ թվում՝ միջազգային էներգետիկ և տրանսպորտային նախագծերում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Լուսանկարը` sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը