7.04.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
prev Նախորդ նորություն

Պարգևավճարների գաղտնիքը. մարզպետները թաքցնում են 4,3 մլրդ-ի բաշխումը

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի մարզպետարանների աշխատակիցները որպես պարգևավճար ստացել են ավելի քան 4,3 միլիարդ դրամ։ Սակայն պետական այս հսկայական միջոցների բաշխումն ուղեկցվում է թափանցիկության լուրջ խնդիրներով. որոշ մարզպետներ խուսափում են հրապարակել ղեկավար կազմի իրական եկամուտները՝ հղում անելով հարկային հայտարարագրերին, իսկ առկա վիճակագրությունը բացահայտում է բարձրաստիճան պաշտոնյաների և շարքային աշխատակիցների խրախուսումների միջև առկա ահռելի ֆինանսական խզումը։


«Հետք» պարբերականի հարցումների համաձայն՝ երկրի տասը մարզերից Սյունիքի և Վայոց ձորի ղեկավար կազմերը փաստացի հրաժարվել են 2021-2025 թվականների պարգևավճարների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելուց։ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը և Սյունիքի մարզպետարանը պատճառաբանել են, թե բարձրաստիճան անձանց եկամուտներն արտացոլվում են նրանց տարեկան հայտարարագրերում:


Այս փաստարկը, սակայն, զուտ ձևական բնույթ է կրում, քանի որ պաշտոնական փաստաթղթերում, որոնց 2025 թվականի տվյալները հրապարակվելու են միայն ընթացիկ 2026-ի մայիսի վերջին, հիմնական աշխատավարձն ու հավելավճարները տարանջատված չեն։ Բացի այդ, Արմավիրի և Շիրակի մարզպետարանները թաքցրել են պարգևատրված աշխատակիցների հստակ թիվը, ինչն անհնար է դարձնում գերատեսչությունների միջին ցուցանիշների հաշվարկը:


Ըստ տարածաշրջանների վճարումների դինամիկան հակասական պատկեր է ստեղծում. 2025 թվականին պարգևավճարների ընդհանուր ֆոնդը կրճատվել է Գեղարքունիքում, Արագածոտնում, Լոռիում և Կոտայքում, բայց նկատելիորեն աճել է Արարատում, Արմավիրում, Տավուշում և Շիրակում: Ընդ որում, միջինացված թվերը քողարկում են բուն մարզպետարանների ներսում առկա խորը անհավասարությունը: Ցայտուն օրինակ է իրավիճակը Կոտայքի մարզում, որտեղ 2025 թվականին մարզպետ Ահարոն Սահակյանն ու իր երկու տեղակալները ստացել են ընդհանուր առմամբ ավելի քան 25 միլիոն դրամի պարգևավճար, մինչդեռ 81 շարքային աշխատակիցներ միասին ստացել են մոտ 77 միլիոն դրամ:


Արդյունքում, ղեկավարությունը միջինում ստացել է գրեթե 8,5 միլիոնական դրամ, իսկ սովորական ծառայողները՝ մեկ միլիոնից էլ պակաս։ Հատկանշական է, որ 2024 թվականի համեմատ Կոտայքի մարզպետարանի ղեկավարների բոնուսները կտրուկ աճել են հենց ենթակաների պարգևավճարային ֆոնդի շոշափելի կրճատման ֆոնին:

Լուսանկարը` cba.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը