1.04.2026
«Աշխարհի տիրակա՞լ», թե՞ Վաշինգտոնի պատանդ
prev Նախորդ նորություն

Աշխարհաքաղաքական փոթորիկ և Փաշինյանի պատրանքների փլուզումը

Մինչ մեր հանրությունը կենտրոնացել է նախընտրական ներքաղաքական խնդիրների վրա, մեր իսկ տարածաշրջանում տեղի է ունենում գլոբալ ծավալի աշխարհաքաղաքական մի փոթորիկ, որը էապես փոխում է աշխարհակարգը և ճակատագրական ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի անվտանգության և ապագայի վրա:


Ամերիկա-իսրայելական պատերազմը Իրանի դեմ կարելի է արդեն ձախողված համարել` առնվազն նախնական պլանների իրականացման առումով.


♦ Իրանն իր վերահսկողության տակ է վերցրել Հորմուզի նեղուցը, ինչը հավասարազոր է առանց չափազանցության աշխարհի տնտեսության նկատմամբ վերահսկողության հաստատելուն:


♦ Ոչնչացված է Միջին Արևելքում ամերիկան ռազմաբազաների 70 տոկոսը, միլիարդներ արժեցող բոլոր կարևոր րադարները, AWACS համակարգի ռազմավարական նշանակություն ունեցող 700 միլիոն դոլարի արժողությամբ ինքնաթիռ:


♦ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հայտնվել են ռազմավարական նշանակության զինատեսակների և զինամթերքի սուր դեֆիցիտի պայմաններում:


Ակնհայտ է դարձել, որ ամերիկյան ցամաքային գործողությունները կամ Հորմուզի նեղուցի բացումը չափազանց ծանր գին են պահանջելու, որին Թրամփի վարչակազմը ուղղակի պատրաստ չէ:


Կարելի է կանխատեսել, որ ռազմական իրավիճակի զարգացման ամենահավանական սցենարների դեպքում ԹՐԻՓՓ-ի իրականացման հեռանկարները մոտենում են զրոյի:


Սա մեծ ճնշում է դնում Նիկոլ Փաշինյանի վրա, որի Հայաստանին «խաղաղություն բերելու» մասին պնդումները մեծամասամբ հիմնված էին հենց ԹՐԻՓՓ-ի ծրագրի իրականացման խոստումների վրա:


Պատահական չէ, որ Փաշինյանը նորից սկսել է սեփական ժողովրդին շանտաժել սեպտեմբերին գալիք «աղետալի պատերազմի» հեռանկարով, պատեպատ է ընկնում և փորձում կամուրջներ վերականգնել Մոսկվայի հետ:


Խնդիրը սակայն այն է, որ «պատեպատ ընկնելու» քաղաքականությունը աշխարհաքաղաքական գործընթացները չհասկանալու հետևանք է և միայն վնասներ է բերում Հայաստանին, որի ղեկավարությունը շատ ուշացած է հասկանում արտաքին քաղաքական գործընթացները` ամեն անգամ մեր ժողովրդին դնելով մի նոր աղետի հեռանկարի առաջ:


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան