1.04.2026
Նեթանյահուի կառավարությունում այլևս չեն խոսում Իրանում իշխանափոխության մասին
prev Նախորդ նորություն

«Աշխարհի տիրակա՞լ», թե՞ Վաշինգտոնի պատանդ

Թրամպը նոր հայտարարություն է արել, թե Իրանի դեմ պատերազմը կավարտեն երկու-երեք շաբաթվա ընթացքում: Ընդ որում, նա հայտարարել է, որ կավարտեն անկախ այն բանից՝ Իրանը կգնա՞ գործարքի, թե՞ ոչ:


Ինչպես ասում են՝ Թրամպի հայտարարությունների տոնայնությունը թերեւս փոխվում է ավելի հաճախ, քան գուլպաները: Դա կամ իրապես ցայտնոտի եւ քաղաքական փակուղու վկայությունն է, որում Թրամպը փորձում է դեմքը պահել հայտարարությունների աճպարարությամբ, կամ նա այդպիսով փորձում է այսպես ասած ապակողմնորոշել իրանական կողմին: Բայց արդյո՞ք այս ամենից հետո, ինչ տեղի է ունեցել թե պատերազմի ընթացքում, թե անցնող ամիսներին ընդհանրապես, իրանական կողմը կարող է ապակողմնորոշվել Թրամպի որեւէ հայտարարությամբ: Հազիվ թե:


Ըստ այդմ, Թամպը թերեւս փորձում է մանեւրել այն քաղաքական ցանցում, որում հայտնվել է: Մի կողմից իհարկե նրա վրա շարունակում են ուժեղ ճնշումը քրիստոնյա-սիոնիստները եւ իսրայելական լոբբին, մյուս կողմից նա ավելի է զգում հանրային անվստահության ճնշումը, որը կարող է հանրապետականների համար Կոնգրես արժենալ նոյեմբերին:


Օրինակ, նախօրեին հրապարակվեց տեղեկություն, որ 10 հանրապետականից միայն յոթն է աջակցում Թրամպի իրանյան քայլերին, իսկ 10 դեմոկրատներից՝ միայն 1-ը: Ստացվում է, որ 20 կոնգրեսականից ընդամենը ութն է աջակցում Թրամպին: Իսկ որքան էլ նա փորձում է ներկայանալ աշխարհակալ, այդուհանդերձ մմի բան հաստատ է, որ նա «ամերիկակալ» չէ: Մինչդեռ, հենց այնտեղ է Թրամպի գլխավոր խնդիրը:


Այստեղ էլ թերեւս պատճառն է, որ նա խոսում է պատերազմի մոտալուտ ավարտի մասին, թեեւ կրկնեմ՝ այդ ավարտի պլաններ կամ մտադրություն չունեն նրանք, ովքեր Թրամպին մղել են պատերազմը սկսելու որոշման:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան