30.03.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում. ՄԻՊ-ը պաշտպանում է ձերբակալվածների իրավունքները

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքել է Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին։ Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին՝ վերահաստատելով խոսքի ազատության և իշխանություններին քննադատելու իրավունքը, սակայն խստորեն դատապարտելով բռնության ցանկացած դրսևորում ու ատելության խոսքը։


Մարտի 30-ին, Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ, աշխատանքային խումբն այցելել է ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր։ Իրավապաշտպաններն առանձնազրույցներ են ունեցել քաղաքացիների հետ և մանրամասն ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Գերատեսչությունը վստահեցնում է, որ իր լիազորությունների շրջանակում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անձանց հիմնարար իրավունքները երաշխավորելու համար՝ պահանջելով դեպքի անկախ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն։


Օմբուդսմենն ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք ունի սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, սակայն այն երբեք չպետք է զուգորդվի ֆիզիկական բախումներով կամ անհանդուրժողականության քարոզով: Միաժամանակ, ՄԻՊ-ը խստորեն հորդորել է իրավապահ մարմիններին գործել բացառապես իրավաչափության սկզբունքով և զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից:


Անահիտ Մանասյանը նաև խորը մտահոգություն է հայտնել հայաստանյան հանրային խոսույթում ատելության խոսքի ահագնացող ծավալների կապակցությամբ՝ զգուշացնելով, որ այն լրջագույն վտանգ է ներկայացնում հասարակական համերաշխության համար, և կոչ է արել համատեղ ջանքերով պայքարել այդ արատավոր երևույթի դեմ։


Հիշեցնենք, որ միջադեպը գրանցվել էր մարտի 29-ին, երբ բազմամարդ պատարագից հետո վարչապետն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ եկեղեցուց։ Ներկաներից մի երիտասարդ, վրդովվելով հրմշտոցից, պահանջել է չհրել իրեն: Այնուհետև նա ասել է՝ «տենց չնայես ինձ» և, ըստ հաղորդագրությունների, փորձել է ձեռքով հարվածել կառավարության ղեկավարին։ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է թիկնապահներին չարձագանքել իրավիճակին։


Դեպքից հետո ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է երկու անձի ձերբակալման մասին՝ նրանց կասկածելով խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական ու քաղաքական գործունեությանը միջամտելու մեջ։

Լուսանկարը` Tribune.am
Հաջորդ նորություն next