Ֆրանկոֆոնիայի խաղերը կանցկացվեն 2027-ի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը
Ֆրանկոֆոնիայի խաղերը կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը: Խաղերը կանցկացվեն 10 մշակութային և 10 սպորտային անվանակարգերում: Այդ մասին Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի տարբերանշանի ներկայացման շրջանակում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Մշակութային անվանակարգերը կընդգրկեն թատրոնը, թվային ստեղծարարությունը, տեսողական արվեստը, կերպարվեստը, քանդակը, լուսանկարչությունը: Կլինեն նաև հեքիաթասացության, պարի, գրականության, աճպարարության անվանակարգեր: Մշակութային անվանակարգերից մի քանիսը նախատեսվում է իրականացնել Երևանից դուրս՝ Աբովյանում, Չարենցավանում, Արմավիրում:
Ինչ վերաբերում է սպորտային անվանակարգերին, ապա նախատեսվում են աթլետիկա, պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, 3 x 3 բասկետբոլ, անվասայլակով բասկետբոլ և բրեքդանս անվանակարգերը:
Մրցույթների մասնակցության համար երկիրը ներկայացնող պատվիրակները, ըստ նախարարի, կընտրվեն բաց մրցույթի արդյունքում: Հայտերն ընդունվել են մինչև մարտի 15-ը, իսկ առաջիկայում էլ ժյուրիի կողմից կլինի հայտերի ամփոփում:
«Ընդհանուր առմամբ նախատեսում ենք հյուրընկալել մի քանի տասնյակ երկրների շուրջ 4000 մասնակիցների»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ներկայացված են լինելու լավագույն մարզիկները: