25.03.2026
Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ինչպես արդար եւ հավասար բաշխել գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտները

««Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ մարտի 25-ին գումարված հերթական նիստի ժամանակ:


Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանի խոսքով արձանագրությունը նպատակ ունի ապահովել գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար եւ հավասար բաշխումը:


Ընդգծելով գործընթացի կարեւորությունը՝ նախարարը տեղեկացրել է, որ 2026 թվականին Երեւանը կհյուրընկալի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը եւ երկու տարի ժամկետով կստանձնի կոնվենցիայի շրջանակում տեղի ունեցող գործընթացների նախագահությունը:


Նշվել է, որ արձանագրության վավերացումից հետո COP17-ի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաեւ Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպումը:


Արձանագրության հիմնական ուղղություններն են` ազգային ռեսուրսների նկատմամբ ինքնիշխանությունն ու իրավական պաշտպանությունը, տնտեսական օգուտների ապահովումը, տեղական եւ բնիկ համայնքների ավանդական գիտելիքների աջակցությունը, ինչպես նաեւ երկրի միջազգային հեղինակության բարձրացումը եւ գլոբալ մեխանիզմներին մասնակցությունը, միջազգային ֆինանսական լրացուցիչ աղբյուրների հասանելիության ապահովումը եւ գիտատեխնիկական համագործակցության խթանումը:


Ըստ հիմնական զեկուցողի՝ արձանագրության վավերացումը հնարավորություն կտա ամրապնդել Հայաստանի դիրքերը բնական պաշարների կառավարման ոլորտում, ակտիվացնել միջազգային համագործակցությունը եւ ներգրավել նոր ներդրումներ:


Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը եւ հորդորել գործընկերներին կողմ քվեարկել օրենքի նախագծին:

ԱԺ-ն Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ է ընտրում
Հաջորդ նորություն next