24.03.2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է բոլոր մեքենաների համար
prev Նախորդ նորություն

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

Մարտի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ։


Այցը պայմանավորված է եղել զինծառայողի ընտանիքի անդամից ստացված ահազանգով, որը վերաբերում էր զինծառայողի առողջական վիճակին, բուժօգնության կազմակերպմանը և նրա իրավունքների ապահովմանը։


Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի հետ։ Քննարկվել են բժշկական հետազոտությունների ընթացքի, տրամադրվող բուժօգնության, ինչպես նաև՝ զինծառայողի առողջական բոլոր խնդիրների հաշվառմամբ` փորձաքննելու և զինվորական ծառայության համար հետագա պիտանիությունը որոշելու հետ կապված հարցեր։


Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև առանձնազրույց են ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս, ի թիվս այլ հարցերի, բարձրաձայնել է իր մտահոգությունները առողջական խնդիրների վերաբերյալ։ Բարձրացված հարցերը տեղում քննարկվել են բուժանձնակազմի հետ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների կազմակերպման և բուժման հետագա ընթացքը հստակեցնելու նպատակով։


«Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերի պատշաճ հասցեավորման և համապատասխան լուծումների ապահովման ուղղությամբ։


Զինծառայողին առնչվող բողոքի քննարկման ընթացակարգը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է։ Նրա առողջական վիճակը և բժշկական օգնության տրամադրմանն առնչվող հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։


Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի հարցերով Պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։


Պաշտպանին կարելի է դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Ադամ Բարրոն և ընկերները հանդես կգան «Անուրջներ» համերգով
Հաջորդ նորություն next